Տեւական ժամանակ է, ինչ ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու մի շարք փորձագետներ քննարկում եւ քննադատում են վարչապետ Կարապետյանի այն հանձնարարականը, թե ավելորդ ծախսերը կրճատելու համար հարկավոր է հնարավորինս օպտիմալացնել պետական ապարատը:
Վարչապետի ընդդիմախոսները որպես պատճառաբանություն նշում են, թե էս նեղ մաջալին ինչպես կարելի է գործազուրկ դարձնել հարյուրավոր մարդկանց, ավելացնել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող մարդկանց թիվը: Հատկապես ընդդիմադիր գործիչները կառավարությանն առաջարկում են նախ` զբաղվածության հարցը լուծել, հետո նոր` անցնել օպտիմալացմանը: Նրանք վստահաբար պնդում են` սա կնպաստի, որպեսզի ավելի շատ թվով քաղաքացիներ լքեն Հայաստանը:
Ինչ խոսք, պետական ապարատի օպտիմալացումը չէ, որ բյուջե փող բերելու ամենաառանցքային միջոցն է: Այն կազմում է չնչին տոկոս եւ դժվար թե կարողանա նպաստել մեր երկրի տնտեսության վերականգնմանը: Բյուջե փող բերելու համար այլ տարբերակներ կան, օրինակ` ստվերի կրճատումը:
Սակայն, կարծում եմ, այստեղ հարցը հարկավոր է դիտարկել միանգամայն այլ տեսանկյունից: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական համակարգն արհեստականորեն ուռճացված է: Սա կարելի է պնդել բոլոր պետական գերատեսչությունների համար, որտեղ գործում են ոչ միայն գրեթե ոչնչով չզբաղվող ԾԻԳ-եր եւ ՊՈԱԿ-ներ, այլեւ չափազանց մեծ է վարչությունների աշխատակիցների թիվը: Փաստը մնում է փաստ, որ պետական գերատեսչությունների աշխատակիցների 90 տոկոսն աշխատանքի է ընդունվել քավորասանիկային սկզբունքով` որպես որեւէ մեկի օգնական: Որքան էլ զավեշտալի է, այդ օգնականներն էլ իրենց հերթին ունեն մի շարք օգնականներ:
Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են պետական ապարատի մի շարք աշխատակիցներ իրենց աշխատանքային ժամերը մաշում սուրճի սեղանի շուրջ ոչ աշխատանքային զրույցի բռնվելով: Առավելագույնը, որ նրանք անում են, տարեկան մի երկու նամակ գրելն է, այսինքն` նրանց օգտակար գործողության գործակիցը մոտ է զրոյին, բայց ամեն ամիս մեր մուծած հարկերի հաշվին աշխատավարձ են ստանում սուրճ ըմպելու «ծանր» պարտականության համար: Այստեղ ամենանվաստացուցիչն այն է, որ պետական գերատեսչություններում կան որոշ մարդիկ, որոնք աշխատում են գերլարված գրաֆիկով, իրենց ուսերին տանում են ահռելի բեռ, մինչդեռ մյուսները պարզապես զբաղված են ժամավաճառությամբ:
Այդ իսկ պատճառով ամբողջովին կիսում եմ կառավարության այն տեսակետը, որ հարկավոր է աշխատանքից ազատել նման մարդկանց, որոնք, ըստ էության, զբաղված չեն որեւէ հանրօգուտ գործով: Թող ինձ ներեն օպտիմալացումը քննադատողները կամ օպտիմալացման ենթարկվածները, բայց ինձ համար այստեղ երկրորդական է դառնում որեւէ արժեք չստեղծող մարդուն գործազուրկ թողնելը: Այնպես որ, պետական համակարգն օպտիմալացնելու մասին վարչապետի հանձնարարականը, կարծում եմ, դեռ մի բան էլ ուշացած էր: