www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Բարձրաստիճան բանակցողները տեղավորվեցին սեղանի երկու կողմերում, իսկ նրանց արանքում աննկատ շվաքի պես նստեց թարգմանիչը: Բոլորը լռում էին:
Առաջինը սկսեց տղամարդը.
— Ես սիրում եմ քեզ:
Կինը ուզում էր պատասխանել, սակայն թարգմանիչը նրան նշան արեց և ասաց.
— Նա ասում է՝ «Ես համբերություն ունեմ և պատրաստ եմ լսել և փորձել հասկանալ քեզ»:
Կինը քմծիծաղ տվեց և բորբոքված պատասխանեց.
— Դու միշտ էլ կարողացել ես գեղեցիկ բառեր ասել, սակայն գործով ոչինչ չես հիմնավորել:
Թարգմանիչը պտտվեց տղամարդու կողմը և ասաց.
— Նա ասում է՝ «Ես էլ քեզ եմ սիրում: Միայն սերն է օգնում ինձ դիմանալ այս ամենին»:
Տղամարդը խոսեց, և նրա ձայնում տանջանք կար.
— Ես այլևս այսպես չեմ կարող: Այն, ինչ ես անում եմ, քեզ դուր չի գալիս: Դու միշտ քննադատում ես:
Թարգմանիչը պտտվեց կնոջ կողմը և ասաց.
— Նա ասում է՝ «Ես շատ խոցելի էգո ունեմ: Այն ստիպում է ինձ ընկալել քո բոլոր բառերը, ինչպես հարձակումներ և վիավորանքներ, և ես անկախ իմ կամքից սկսում եմ քո մեջ տեսնել թշնամու»:
Կինը նայեց տղամարդուն՝ արդեն առանց ատելության: Արդեն մի այնպիսի կարեկցանքով, որից մինչև սերը մեկուկես քայլ է:
— Ես կփորձեմ հիշել այդ մասին, սակայն դու պետք է դադարես երեխա լինել: Չորորդ տասնամյակում արդեն ժամանակն է հասունանալ:
Թարգմանիչը պտտվեց դեպի տղամարդը…
…Նրանք հեռանում էին միասին, ուս ուսի, համարյա թե իրար ձեռք բռնած: Շքամուտքին տղամարդը կանգ առավ, վազելով մոտեցավ թարգմանչին, ընկերական հարվածեց նրա ուսին և բացականչեց՝
— Եղբայրս, ախր դու պրոֆեսիոնալ ես: Տեսնես, թե որտե՞ղ են այս ամենը սովորեցնում:
Թարգմանիչը չպատասխանեց, նա հայացքով բռնեց կնոջ հայացքը և միայն շուրթերով թարգմանեց.
— Նա ինձ ասում է՝ «Ես ուզում եմ սովորել ինքս հասկանալ իմ կնոջը»:
Մայքլ Պարկես «Հրեշտակային գործեր» 1986