Newmag.am-ը գրում է.
Ապրիլի 2, ժամը 13:43. Վայրկյան առաջ մեր նկարահանող խումբը պետք է Արցախ հասներ: Մեքենան սլանում էր առավելագույն արագությամբ, ու ինձ թվում էր, թե մենք ամենագնացներից էլ արագ էինք ընթանում: Աչք չթարթած` անցանք Արարատի մարզը, հետո` Վայոց Ձորը: Ու մեզ թվում էր, թե միայն մենք էինք Արցախ մեկնում, ու մեզ թվում էր, թե միայն մենք էինք օդում տեսնում դեպի Երևան եկող ու վիրավորներ բերող ուղղաթիռները: Որովհետև միայն մենք գիտեինք, թե ուր էինք գնում:
Ապրիլի2, ժամը3:00.Հյուրանոցը, որտեղ գիշերում էինք Ստեփանակերտի կենտրոնական փողոցի վրա էր: Ու ամբողջ ռազմական տեղաշարժը գրեթե այդ փողոցով էր տեղի ունենում: Մենք տեսնում էինք` շտապօգնության մեքենաների տեղաշարժը, որոնց ձայնային ազդանշաններն ամբողջ քաղաքն էին արթնացնում, ծանր տեխնիկայի տեղաշարժը` դրանցից շատերը դիրքեր էին բարձրանում, մի մասն էլ` դիրքերից էր վերադառնում: Ապրիլի 2-ի գիշերը ավտոբուսների շարասյուները մեկնում էին դիրքեր, ու մենք փորձում էինք որսալ ավտոբուսների լցված տղաների տրամադրությունը, փորձում էինք նաև ծանոթ դեմքեր գտնել:
Պարզվեց, որ տեղացի և արտասահմանցի լրագրողների միջև «դասակարգային տարբերություններ» կան: Նրանց անվտանգությունը պահպանելը, նրանց սաղավարտ և զրահաբաճկոն տրամադրելը պարտադիր էր, իսկ հայ լրագրողները դիրքեր պետք է բարձրանային առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի, որովհետև պաշտպանիչ միջոցները քիչ էին:
Ապրիլի 3, ժամը 10:00. Նկարահանող խմբի շարասյունը շարժվեց դեպի Մատաղիսի հենակետեր: Զորամասում մեզ զգուշացրին, որ մեքենաները պետք է թաքցնել ծառերի տակ և ինչքան հնարավոր է շուտ: Տարածքում անօդաչու սարքեր էին պտտվում: Ու լսվում էին կրակոցներ: Զինծառայողներն ասացին, որ մերոնք դրոն են ուզում ոչնչացնել: Դրոնի ձայնը հեռվից էլ լսվում էր: Լսվում էին նաև մեր հրամանատարների հրամանները` «տեղաշարժվել արագ, երկնքին նայելով»:
Լրագրողները մոտ մեկ ժամ թաքնված մնացին` մինչև կրակոցներն ու հրթիռակոծումները կդադարեին: Եկավ ամենադժվար ու վճռորոշ պահը: Դիրքեր պետք է մեկնեին սահմանափակ թվով լրագրողներ: Դժվարանցանելի ճանապարհներով մի կերպ դիրքեր հասանք: 15-20 րոպեում պետք է հասցնեինք լուսաբանել սահմանին տիրող վիճակը: 20 րոպե, որի ընթացքում 5 րոպեն մեկ պայթյուններ էին: Եվ առաջին արգելքը հենց այստեղ էր, որ լրագրողները հանդիպեցին: Չպետք է նկարել ոչինչ: Ու մեզ համար անհասկանալի էր`թե այդ դեպքում ինչու են լրագրողներին դիրքեր տանում: Ինչ չի կարելի նկարել և ինչ չի կարելի ցույց տալ` շատերը չգիտեին: Հայ լրագրողների համար հասկանալի էր, որ չի կարելի նկարել Պաշտպանական բանակի զորքերի տեղակայումը, բայց արտասահմանցի լրագրողները ֆիքսում էին ամեն ինչ:
Ճակատում շատերն էին ուզում լրագրողների հետ շփվել, պատմել, որ իրենք լավ են, որպեսզի հարազատները տեսնեին, համոզվեին, որ իրենց զավակները ողջ են և ամուր կանգնած են դիրքերում: Ինչքա՞ն վիրավոր ու զոհ տվեցին մերոնք այդ հենակետում. պատասխան չկար: Հրամկազմը չէր ցանկանում պատասխանել այս հարցերին: Միայն տեղեկացնում էին, որ հակառակորդին պատշաճ հակահարված են տվել: Հազիվ էինք հասցրել զրուցել մի քանի զինվորականների ու հրամանատարների հետ, երբ լսվեց դիրքի ավագի հրահանգը` դադարեցնել աշխատանքը և շտապ նստել մեքենաները: Հակառակորդը նոր ռազմական գործողությունների էր պատրաստվում, անօդաչուներ էին մոտենում դիրքերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ










