Վիկա Մարկոսյան, 10-րդ դասարան


Բոլորս էլ գիտենք՝ Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծն է: Նա «մոդայիկ» է բոլոր ժամանակներում, նրան սիրում են գրեթե բոլորը, հետևաբար՝ նա հասկացված է գրեթե բոլորի կողմից:  Փորձենք հասկանալ, թե ինչպես է գրում Թումանյանը, այլ կերպ ասած՝ վերլուծենք Թումանյանի խոսքը: Մասնավորապես կանդրադառնամ խոսքում օգտագործված հոմանիշներին, որոնք Թումանյանի մոտ շատ են հանդիպում:
Իր գրական խոսքում Թումանյանը շատ հոմանիշներ է օգտագործում, ինչը խոսքն ավելի պատկերավոր է դարձնում, կերպարին մի քանի տեսանկյունից դիտելու հնարավորություն տալիս: Օրինակ` «Մի կաթիլ մեղրում»՝ «Ներս է մտնում մի զըռ չոբան» և «Հովվի շունը իսկույն ևեթ»: Տեխնիկական առումով հեշտացնում է հեղինակի գործը, քանի որ հանգերը հեշտ են կառուցվում, ու բանաստեղծությանը ռիթմ են տալիս: Միևնույն ժամանակ ստեղծում է տրամադրություն: Օրինակը էլի «Մի կաթիլ մեղր»-ից՝ «Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ իմ կատուն» ու «Խեղճ փիսիկին դնում տակին, ձեռաց խեղդում ու շպրտում»: Ավելի է ընդգծում հերոսների խոսելաոճը: Նույն ստեղծագործությունում հեղինակի խոսքում ասվում է՝ «Որն անգըտակ, որը բոբիկ, դեպի դուշման գյուղը մոտիկ», իսկ թագավորի խոսքում՝ «Հանուն արդար ու սուրբ ոխի մտնի հողը մեր ոսոխի»: Արդյունքում կերպարներն ավելի արտահայտիչ ու հավաստի դարձան:
Չկրկնվելու համար բառերը հաճախ արտահայտում է դրանց հոմանիշներով, որպեսզի չձանձրացնի ընթերցողին: Այս մասում այն ակնառու է. «Էս գյուղերը հարկ են տալի ամեն մինը մի արքայի։ Մի տերության թագավորը, երբ լսում է էս բոլորը, արձակում է հրովարտակ ժողովրդին իր հպատակ»:
Նման հոմանիշներ կարող ենք հանդիպել Թումանյանի ցանկացած ստեղծագործությունում ու եթե ուշադիր լինենք, կզգանք, որ նաև դրանց հաշվին են տվյալ ստեղծագործությունները տպավորիչ դառնում:
Մի խոսքով՝ Թումանյանը շատ հոմանիշներ է օգտագործում, բայց դա բնավ չի խանգարում ընթերցողին: Ընդհակառակը՝ օգնում է ավելի լավ պատկերացնելու իրավիճակը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել