ՀԿԾՀ-ի դեկտեմբերի 23-ին կայացրած որոշման համաձայն՝ փետրվարի 1-ից Հայաստանում էլ էներգիայի սակագինը նվազելու է: Մասնավորապես տնային տնտեսությունների համար հոսանքի ցերեկային սակագինը կնվազի 2.6%-ով, գիշերային սակագինը կկազմի 34.98 դրամ: Սպառողների համար Էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 1.22 դրամով:
Որոշումը կարծես ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից: Հանրային որոշակի շրջանակներ անգամ հումորով են արձագանքում այս թեմային: Թեպետ միջին վիճակագրական քաղաքացու համար դա այդքան էլ մեծ բան չէ, սակայն ձեռնարկությունների համար դա մեծ խնայողություններ կարող է առաջացնել: Խոշորագույն բաժանորդների համար՝ 110 կՎ լարման պարագայում, ցերեկային կնվազի 3.5%-ով նվազում, գիշերայինը՝ 29.48 դրամ: Հետևաբար պետք չէ ամեն ինչ պրիմիտիվացնել ու միևնույն պրիզմայի տակ նայել:
Այնուամենայնիվ մի հարց կա, որն ավելի մեծ մտորումների առիթ է տալիս: Ինչու է այնպես ստացվում, որ երբ էլեկտրաէներգիայի սակագինը 1-2 դրամով թանկացվում է՝ ակցիաների, հայհոյանքների առիթ է դառնում, իսկ երբ սակագինն էժանանում է, վերածվում է ծաղրանքի:
Չգիտեմ, միգուցե կորցրել ենք ադեկվատությունը, միգուցե այլևս լավը աչքներիս չի գալիս կամ չենք ձգտում, բայց բոլոր դեպքերում հարցերին բովանդակային արձագանքելու խնդիր ունենք: