Այս հիվանդության արմատները գալիս են ոչ վաղ անցյալից, իսկ որպես առանձին ախտ սկսել է գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվել անցյալ դարի վերջերից: Հիվանդության առանձնահատկությունն այն է, որ վերջինս մի քանի սինդրոմների միաձուլումն է և ունի բավականին հետաքրքիր սպեցիֆիկա: Այս ախտի թիրախ հանդիսանում է երիտասարդ զանգվածը. 21-25 տարեկանները ամենախոցելի խումբն են: :Դ Ունի զարգացման մի քանի փուլեր, որոնք, ինդիվիդով պայմանավորված, կարող են լինել լատենտ կամ բացահայտ: 

Զարգացման առաջին փուլը պոֆիգիստական փուլն է. հարուցիչի կրող համարվող ուսանողը թեզը չի ընկալում որպես իր կյանքի կամ առողջության համար լուրջ մարտահրավեր, թեև գիտակցում է դրա հեռահար վտանգը իր հոգեկան կայունության տեսանկյունից: Այս փուլը դրսևորվում է մարտնչող ագրեսիայով բուհի ադմինիստրացիայի և ընդհանրապես կրթական սիստեմի հանդեպ, անթաքույց ցինիզմով և իրոնիայով: Ուսանողը ծովը ծնկներից է զգում և բացահայտ հայտարարում է. 

-Սե՞նց բաների տակից ենք դուրս եկել :Պ 

Երկրորդ փուլը ֆրուստրացիայի կամ ինքնախաբեության փուլն է. հարուցիչը կրող ուսանողը թեև ոչ պարբերաբար, սակայն սկսում է անհանգստության նշույլներ ցուցաբերել և իր համար ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրել, այնպիսի աղբյուրներ, որոնք թույլ կտան հասու դառնալ թեզացավի բուժման ստվերային մեխանիզմներին: Հոգեկան կայունությունը սկսում է կամաց-կամաց խախտվել, ագրեսիան իր տեղը զիջում է վախին, իսկ իրոնիան հաղթահարելու փորձեր արվում են խուսափման մեխանիզմի միջոցով. ուսանողը խուսափում է թեզի մասին խոսելուց, ուղեղը զբաղեցնում է այլ երևույթներով, դիմում է բացահայտ ինքնախաբեության: 

Հիվանդության զարգացման երրորդ փուլը կոչվում է նևրոտիկ ֆիքսացիա. ամենուր և ամեն ժամ խոսվում է թեզի և այն գրելու անհրաժեշտության մասին, ցանկացած ուրախություն դառնում է ոչ լիարժեք այդ` հոգին մաշող ու կրծող ցավի առկայությունից, անգամ երազում ուսանողը թեզի մասին տեսիլքներ է ունենում, կորցնում է հոգեկան անդորրը, դառնում է ջղագրգիռ ու դյուրազգաց, դեմքից իսպառ կորչում է սկզբնական փուլին բնորոշ ցինիկ ինքնավստահությունը: Այս ամենի հետ մեկտեղ ուսանողը արմատական քայլեր չի ձեռնարկում իրավիճակից դուրս գալու կամ դուրս գալու փորձեր անելու համար, դառնում է անգործունակ`համակված ապակառուցողական ապատիայով և գերհոգնածությամբ: 

Զարգացման չորրորդ փուլը սուր հիստերիկայի կամ թեզացավի կուլմինացիայի փուլն է. իրավիճակը գնալով դուրս է գալիս վերահսկողությունից, ուսանողի գործողությունները դառնում են հակասական ու անտրամաբանական, վախը իր տեղը զիջում է անկառավարելի պանիկային, թեև պետք է նշել, որ որոշ դեպքերում ուսանողը պանիկայից մազոխիստական հաճույք է ստանում, տիրում է համընդհանուր ապատիայի զգացումը ամենքի ու ամեն բանի նկատմամբ, ուսանողը պարբերաբար ունենում է ժամանակի պակասության զգացում, դառնում է հիստերիկ ու ոչ ադեկվատ, սակայն այդպես էլ վճռական գործողությունների դիմելու կամք չի ցուցաբերում: Կողքից լսած ցանկացած խոսակցություն ազդում է ուսանողի նյարդային համակարգի վրա, նա անիծում է իր բախտը, իսկ երբեմն նաև իր լույս աշխարհ գալու փաստը: Այս փուլում հարուցիչի կրողը կորցնում է կյանքի հանդեպ ցանկացած հետաքրքրություն, իրեն զգում է տորիչելյան դատարկություն և մշտական անապահովության ու լքվածության զգացում է ունենում: Թեզը նրա համար դառնում է հոգին մաշող, առողջությունը քայքայող դամոկլյան սուր: Ծայրահեղ դեպքերում տիրում է սուիցիդի տրամադրությունը: 

Զարգացման հինգերորդ փուլում, որը կոչվում է սեփական անձի հանդեպ հաղթանակի կամ կոնստրուկտիվ փուլ, ուսանողը արտաքին և մի շարք ներքին գործոններով պայմանավորված փոխում է իր տեսանկյունը թեզի և դրա հետ կապված երևույթների նկատմամբ, դառնում է հոգեպես ավելի հավասարակշռված, թեև շատ բաներ ընկալում է ոչ լիարժեք, ապակառուցողական ապատիային փոխարինելու է գալիս կոնստրուկտիվ կամ կառուցողական սիմպատիան, ուսանողին համակում է ուրիշներին գերազանցելու և միշտ առաջինը լինելու մղումը, որը նրան վերջապես դրդում է ռադիկալ գործողությունների. մի քանի օրում գրվում է թեզի մեկ ամբողջական գլուխ, կյանքը նոր երանգներ է ստանում, վերադառնում է հոգեկան անդորրը, իսկ դեմքին հայտնվում է ինքնավստահություն, թեև ոչ ցինիկ, բայց արժանապատիվ: :Դ

Եվ վերջապես վերջին` վեցերորդ փուլում, որը կոչվում է արժևորման փուլ, ուսանողը վերաիմաստավորում է իր անցած տաժանակիր ուղին, դառնում է ավելի պահանջկոտ սեփական անձի հանդեպ, դասեր է քաղում կրած տառապանքներից և ինքն իրեն խոստանում է այլևս երբեք չկրկնել նախորդ սխալները: Չնայած, ինչպես համակողմանի փորձն է ցույց տալիս, իդեալական տարբերակում այդպես երբեք չի լինում: :Պ Թեզը պատրաստ է, իսկ ուսանողը համակված ամենազորության զգացումով, որը ոչ ճիշտ ուղղորդման պարագայում կրկին կարող է հանգեցնել ցինիկ ինքնավստահության` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս փուլում խորհուրդ է տրվում լինել մաքսիմում ուշադիր և հետևողական, կարողանալ տարբերակել մնայուն ու անցողիկ, իրական ու կեղծ արժեքները: 

Այս ամբողջ ընթացքում խորհուրդ է տրվում հնարավորինս զերծ մնալ հոգեմետ դեղերից, սուր կտրող-ծակող գործիքներից, ծնողներին խորհուրդ է տրվել իրենց երեխաներին շրջապատել մշտական ուշադրությամբ ու կրկնակի հոգատար խնամքով, մշտապես քաջալերող խոսքեր ասել: Ցանկալի է ստեպղինի, ձկան յուղի, դառը շոկոլադի պերմանենտ առկայությունը ուսանողի սննդակարգում: Նաև խորհուրդ է տրվում այս ընթացքում զերծ մնալ սիրահարություններից, սիրային արկածներից ու գաղտնի կապերից: :ՊՊ Ու միշտ հիշեք, իմ շատ սիրելի հարուցիչակիր, վիրուսակիր կամ վարակակիր ուսանող ընկերներ.

-Ցանկացած բան չանելով ավելի շուտ է ավարտվում :Պ 

Հ.Գ. Ես ձեզ բոլորիդ սիրում եմ ամենացինիկ սիրով, բայց անկեղծ.....:Դ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել