Ես պետք է լինեի բավականին պարզամիտ ընթերցող, որ երբեք չմտածեի, թե վիպասանները ուզում են ասել ավելին, քան ասում են: Երբ Ֆրանց Կաֆկան ասում է, որ Գրեգուար Սամսան առավոտյան արթնացել է` փոխակերպված հսկա միջատի, ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի խորհրդանիշն է: Եթե կա մի բան, որ ինձ իսկապես հետաքրքրել է, այն է, թե դա ինչ տեսակ կենդանի կարող է լինել:
Հավատում եմ, որ իրոք եղել է ժամանակ, երբ գորգերը թռել են, և ջիները բանտված են եղել շշերի մեջ: Հավատում եմ, որ Բաաղամի էշը խոսել է, ինչպես ասում է Ավետարանը, և միայն մի բան եմ ափսոսում, որ չեն ձայնագրել նրան, և կարծում եմ, որ Հեսունավեն ավերել է Երիքովի պատերը, իր շեփորների զորությամբ, և ափսոսում, որ չեն գրառել նրա ավերիչ երաժշտությունը: Հավատում եմ, ի վերջո, որ Սերվանտեսի Վիդրիերա անունով ուսանողը իրոք գտնվել է բաժակում, ինչպես ինքն էր կարծում` խելագարության մեջ, և իրոք հավատում եմ Գարգանտյուայի զվարճալի ճշմարտությանը, որն առատորեն թրջում էր Փարիզի տաճարները:
Ավելին, ես հավատում եմ, որ նման այլ հրաշքներ շարունակվում են կատարվել, ու եթե մենք չենք տեսնում դրանք, ապա դա մեծ մասամբ բացատրվում է նրանով, որ խանգարում է այն խավարամոլ ռացիոնալիզմը, որ մեր գլուխը մտցրել են գրականության վատ ուսուցիչները:
Ես մեծ հարգանք ու սեր եմ տածում ուսուցչի մասնագիտության նկատմամբ, նաև տանջվում եմ` տեսնելով, որ նրանք հավասարապես զոհ են դառնում դասավանդման մի համակարգի, որ նրանց ստիպում է հիմարություններ դուրս տալ: Ինձ համար անմոռանալի մարդկանցից մեկն այն ուսուցչուհին էր, որ ինձ կարդալ սովորեցրեց հինգ տարեկան հասակում: Դա գեղեցիկ ու խելոք աղջիկ էր, որ չէր հավակնում իմանալ ավելին, քան կարող էր ու, բացի այդ, այնքան երիտասարդ էր, որ ժամանակի ընթացքում դարձավ ավելի փոքր, քան ես:
Նա էր, որ դասարանում մեզ համար կարդաց առաջին բանաստեղծությունները, որոնք ընդմիշտ թունավորեցին իմ ուղեղը: Նույն երախտագիտությամբ հիշում եմ միջնակարգ դպրոցի գրականության ուսուցչիս, համեստ ու խոհեմ մի մարդու, որը մեզ առաջնորդում էր հետաքրքիր գրքերի լաբիրինթոսով, առանց հատուկ մեկնաբանումների: Այդ մեթոդը թույլ էր տալիս նրա աշակերտներին ավելի ազատ ու ինքնուրույն մասնակցել պոեզիայի հրաշքին: Մի խոսքով, գրականության դասընթացը երբեք չպետք է լինի ոչ այլ ինչ, քան ընթերցանության լավ ուղեցույց:
Յուրաքանչյուր այլ հավակնություն ծառայում է միայն երեխաներին ահաբեկելուն: Այստեղ ես հավատում եմ հնարագիտությանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/516017948436613
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել