ՀՀ էներգետիկայի նախարարության էջն եմ նայում, նախարարության «թեժ գծով» ստացվել է շուրջ երեք տասնյակ հեռախոսազանգ: «Թեժ գիծ» ասվածի հետ բացասական էմոցիաներ են առաջանում, բայց ոչ այս դեպքում… Գրանցվել են ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, ցանցին միանալուն, լիցենզիայի տրամադրմանը, արևային էներգիայի կենտրոնացված օգտագործման հնարավորություններին վերաբերող դիմումներ:
Արևի երկիր Հայաստանում պետական մակարդակով վերջապես որոշվել է արդյունավետ օգտագործել բնության այս անսպառ պարգևը: Էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ կատարված օրենսդրական փոփոխություններից հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք սեփական կարիքները բավարարելու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ արևային ինքնավար կայաններ, արտադրել էլեկտրաէներգիա, իսկ ավելցուկը վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ Այս ամենի համար չի պահանջվում լիցենզիա, և ամբողջ գործընթացն ազատված է հարկերից։
Ոգևորիչ է, որ մեր քաղաքացիները սկսում են ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել վերականգնվող էներգիայի աղբյուր ստեղծելու հնարավորության նկատմամբ:
Այս նախաձեռնությունը պետք է վարակիչ դառնա, հատկապես, եթե հաշվի առնենք, որ արևային էներգիայի արդյունավետ օգտագործման և կառավարման պարագայում այն կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման համար:
Քարից հաց քամող հայի համար արևից էներգիա ստանալը խաղ ու պար է այն պարագայում, երբ պետությունը խրախուսում է:
Հարկ է նշել, որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): Կառավարության ծրագրում նույնպես կարևոր տեղ է հատկացվում այս ոլորտին։ Նախատեսվում է Կլիմայի ներդրումային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի շրջանակներում արևային համակարգային կայանների կառուցում 2017-2019 թվականներին։