"Did you ever read the Bible?
The Bible . . . I must have taken a look at it."
...գարնան էս օրերին իշխանության ու ընդդիմության առաջնորդների քաղաքական լկտի առևտրի, շատ բան հասկացող ու քիչ բան խոսողների համատարած ցինիզմի, հոգեխանգարմունքի պահին անձնականն ու մասնագիտականն իրար խառնելու պատրաստ իմաստակների, տարիքի հետ էդպես էլ չհասունացած մանկամիտ «փորձագետների» էս կրկեսում մի բան է միայն անմնացորդ ուրախացնում՝ ջահելների հեղափոխական ոգին... «չծեծված» սերունդ է մեծանում, սերունդ, որ թեև ոտքերին դեռ ամուր կանգնած չէ, թեև չգիտե՝ ինչ է պատասխանատվությունը, սակայն ձգտում է իրավունքի... դե ինչ, հավի ու ձվի հավերժական շրջանում պետք է ինչ որ տեղից սկսել, դե թող էս շրջանն էլ սկսվի ձվից... մեկ է, իրավունքի ձգտող սերունդը քայլ անց զգալու է պատասխանատվության բեռն ու հասունանալու է, ձուն հավ է դառնալու, որ պիտի ձու ածի...
...քաղաքական գործիչներն առևտուր են անում ոչ միայն Հայաստանում... գլոբուսի վրա մատդ ուր էլ դնես՝ քաղաքական գործիչներն առևտուր են անում: Բա ուրիշ ինչ անեն... ոսկերիչը զարդ է սարքում, վաճառում ու դրանով վաստակում իր հացը, տաքսիստը, մարդ է տեղափոխում, գյուղացին կով է պահում ու կաթ կթում, խահարարը մեզ կերակրում է, վարսավիրը՝ մազ է կտրում, հանքափորը՝ պղինձ կորզում ժայռից, ոստիկանը փողոցում ապահովում է մեր անվտանգությունը, հրշեջը հրդեհ է մարում իր կյանքը վտանգելով, երաժիշտը վաճառում է իր հնչյունները, զինվորը սահմանին կանգնած իր կյանքով մեզ ապրելու հնարավորություն է տալիս, գործարարը մեզ է վաճառում իր ռիսկը ու ապրում դրանով, մարմնավաճառը շահագործում է իր մարմինն ու թեկուզ կասկածելի, բայց պահանջարկ վայելող վայելքներ վաճառում, վիրաբույժը կտրում է, գրողը՝ գրում, Շամշյանը՝ միշտ պատահարի վայրում է ու վաստակում է տեղեկանալու մեր անհագուրդ ցանկությամբ, հարկայինի տեսուչը վաստակում պետության համար միջոցներ պոկելով ումից կարող է, տարեց խնամողը վաստակում է պամպերս փոխելով... յուրաքանչյուրը վաստակում է, ինչպես կարող է... քաղաքական գործիչները վաստակում են մեր պատրանքները վաճառելով... վաստակում են պատրանքներ ստեղծելով, դրանք ոռոգելով ու խնամելով, որ հետո, հարմար պահին դրանք վաճառեն գնորդին՝ այլ քաղաքական գործչի կամ գերունևորի... առաջինները դրանք գնում են արժեթղթի պես՝ պահելու կամ վաճառելու նպատակով, երկրորդները մեր պատրանքների շղարշից իրենց փողի համար քսակներ ու պարկեր են հյուսում, որ անվտանգ ու անխաթար մնան անարդար կուտակած մեծ փողերը, քանի որ արդար ճանապարհով մեծ փողեր կուտակել անհնար է... ու էսպես արդարության ձգտումի մեր պատրանքների կտավից հյուսվում է մերկ անարդարությունը զարդարող զգեստը... քաղաքական գործիչները վաճառում են մեր պատրանքները... ուրիշ ինչ կարող են վաճառել նրանք, ովքեր կով չեն կթում, մարդ չեն խնամում, սահման չեն պահում... բարևում են, ժպտում են, քայլում են, մատ են թափ տալիս, գեղեցիկ ելույթներ են ունենում, գոռում են, ձեռքները սեղանին են խփում, «խիար աճեցնելու», «մասանդրաների», «զադնի դնելու» և ուրիշ շատ ու շատ խորիմաստ թեմաներով գոհարներ են մեզ հրամցնում... իսկ բարևը, ժպիտը, մատի թափահարումը, քաղաքական ելույթն ու գոհարները կոպեկ չեն արժենա, եթե պատրանքներ չհյուսվեն դրանցով... պատրանքի էս առևտրականները սննկանում են երբեմն, երբեմն էլ մեծ արժեք ունեցող պատրանքի տեր են դառնում... գոնե որոշ ժամանակով... էսպես է եղել բոլոր ժամանակներում, էսպես է լինելու մինչև ժամանակների վերջը, քանի դեռ պատրանքը գին ունի... էսպես է քաղաքակրթության շրջանակներում... քաղաքակրթության շրջանից դուրս պատրանքների առևտրականները ժամանակ առ ժամանակ չեն դիմանում գայթակղությանն ու ձգտում են իրացնել մեր պատրանքները՝ դրանք փոխարկելով զրնգում ոսկու...
...ես բացարձակ դեմ չեմ պատրանքների առևտրին... սա անհրաժեշտ է մեր քաղաքակրթությանը, յուրաքանչյուր երկրի, ցանկացած հասարակության... բայց երբ պատրանքների առևտրականը սկսում է «քցել» հաճախորդին, երբ պատրանքների առևտրականը սկսում է խաբել ինձ՝ պատրանքատիրոջը... չեմ հանդուրժում...
...2013-ի ընտրությունները Հայաստանում պատրանքների առևտրի քաղաքակիրթ կանոնները վերականգնելու եզակի հնարավորություն էին... պատրանքներից պատանք կարողները ճնշման տակ մի կողմ քաշվեցին... թվում էր պատրանքների առևտրի նոր դարաշրջանը՝ մի քայլի վրա է...
...ընտրությունների սկզբից պարզ էր, որ պիտի ընտրվի գործող Նախագահը... բոլոր թերացումներով հանդերձ, պատերազմող երկրի ձեռքբերումները պահպանած ու երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերած իշխանությունն այն երկրում, ուր աշխատատեղերի մեկ երրորդը պետական հատվածում են, իսկ սահմանամերձ գյուղերը՝ կրակի տակ այլընտրանք չունի... էդպես պիտի լիներ... էդպես էլ եղավ... բայց 2013-ից հետո պիտի գա 2018-ը ու Հայաստանն էդ 2018-ը պիտի դիմավորի պատրանքների առևտրի կանոններում մի քայլ առաջ անելով... այլընտրանքը նահանջն է մեկ քայլ... նախորդ կանոններին... 1998-ին, 2003-ին ու 2007-ին... էսքանը պարզ է իր հասանելիք մի կիլո երեք հարյուր գրամ ուղեղին գոնե մի քիչ նեղություն տվող յուրաքանչյուր հասուն պատրանքակրի...
...պարզից պարզ է, որ քանի դեռ պատրանքների առևտուրը երկրում իշխանության մենաշնորհն է՝ թեկուզ լավագույն իշխանության, կանոններ չեն փոխվի... պարզից պարզ է, որ կաննոներ փոխելու համար երկրում հարկավոր է ստեղծել պատրանքների առևտրի ազատ շուկա, պետք է ուժեղ ընդդիմություն... որ ուժեղ իշխանությամբ՝ ամենաբարի, ամենաչար, կարևոր չէ, մեկ է գործը գլուխ չի գա...
...որ Հայաստանում չկար ուժեղ ընդդիմություն, չկար պատրանքների շուկայում իր մշտական մեծ բաժնին հավակնող ուժ պարզ էր... միայն իշխանությունը... ուրեմն հարկավոր էր ուժեղ ընդդիմություն ստեղծել, հարկավոր էր քաղաքական գործիչ կերտել... ումից... էս է խնդիրը... թերևս մեկից, ով իշխանություն դառնալու հավակնություն չէր ունենա, ով կհասկանար պատրանքների առևտրի ժամանակակից կանոնները, ով կգիտակցեր, որ ուժեղ ընդդիմությունն էսօր Հայաստանին հազար անգամ ավելի շատ է անհրաժեշտ, քան բարի իշխանությունը...
...ու սկսեցի Րաֆֆի քարոզել... համոզել հարազատ-բարեկամներին, որ Րաֆֆի է պետք ընտրել, ու երբ տատին, որ երեք տարի անց թոռանը բանակ պիտի ուղարկի, ամեն կերպ համոզում էի, որ Րաֆֆուն ձայն է պետք, որ ընդդիմություն է պետք էս երկրին, երբ քվեարկելու էի Րաֆֆու անվան դիմաց՝ ուժեղ ընդդիմություն էի ընտրում, ոչ թե թույլ Նախագահ... ու երբ տատը վախվորած ասում էր. «ա՛յ, բալա, բա որ անցնի, դա ինչ Գլխավոր գերագույն հրամանատար կարող է լինել... բա որ ընտրվի», համոզում էի, թե «արխային, միայն դու չես, զինվորի տատեր ու մայրեր շատ կան, չինովնիկ ու պետական աշխատող շատ կա, Սերժը ընտրող շատ ունի... մեզ ուժեղ ընդդիմություն է պետք»... ու համոզեցի...
...ու Հայաստանը փետրվարի 18-ին հնարավորություն ստացավ ունենալ ուժեղ Ընդդիմություն... բայց մեղքերից մեծագույնը՝ գոռոզությունն արեց իր գործը... իրոք դժվար է խելամիտ ու սթափ մնալ, երբ չորս բոլորդ շշնջում են «շահ Ռոստամ...», երբ պարտադերերդ պարտքերդ են հիշեցնում... դժվար է մնալ համեստ ծերունի, երբ ոսկե ձկնիկը ձեռքումդ է, իսկ պառավդ էլ աչքով է անում... դժվար է դիմանալ գայթակղությանը, որին Աստծո կերտած Ադամը չդիմացավ, ուր մնաց թե ադամորդին... դժվար է հիշել ով ես, ինչ ես ու ինչ առաքելություն ունես... դժվար է գետնից վերցնել խաչն ու բարձրանալ Գողգոթա, երբ հիշեցնում են, թե հաղթական ընտրյալ ես ու սրի Փրկիչ... Գառ դառնալը դժվար է... իշխանության ձգտումը մարդուն դարձնում է Գազան, ուր մնաց թե՝ Գառ... իսկ երբ շուրջդ մոլեգնում է հազարաձայն ամբոխը, իրականության զգացումը կորցնելն այնքան հեշտ է... ու ամեն ձայն շշնջում է «շա՛հ Ռոստամ, շա՛հ Ռոստամ»... ու էլ ինչ պատասխանատվություն, ինչ չարչարանք, ինչ անապատ ու քառասուն օրվա փորձություն, ինչ Ձիթենյաց լեռ... «շա՛հ Ռոստամ...»
...ու Հայաստանը փետրվարի 19-ին կորցրեց ուժեղ Ընդդիմություն ունենալու հնարավորությունը... մեկ մարդ միայն, լցված սիրով ու անսահման պատասխանատվությամբ, շուռ տվեց աշխարհը՝ նոր խոսք ու փրկության նոր հույս բերելով երկու հազար տարի առաջ... մեկ մարդ միայն, խոսելով սիրուց ու առանց պատասխանատվության, իր անձը սիրելով ամենից առավել ու բախտը հանձնելով հորձանքներին, երկիրը հետ նետեց հինգ տարի... գուցե 15 կամ 25 տարի կամ երեք դար... ինչ իմանաս, Հայաստանում ինքնազոհ փրկիչներ, կարծես, չեն ծնվում... պրագմատիկներ՝ որքան ուզես...
...ու երբ որպես ընդդիմություն հաղթանակած պատրանքների առևտրականը ընտրությունների հաջորդ օրը հայտարարեց, թե ուզում է լինել իշխանություն՝ ընդվզեցի... թույլ իշխանություն չէի ընտրում, այլ ուժեղ ընդդիմություն... չկպավ... էս մեկն էլ ագահ դուրս եկավ... էս մեկն էլ նույն թակարդն ընկավ... ու մնաց պատրանքներիս նվիրաբերած մի նախարարի աշխատավարձը... մնաց իշխանության ու ընդդիմության առաջնորդների քաղաքական լկտի առևտուրը, շատ բան հասկացող ու քիչ բան խոսողների համատարած ցինիզմը, հոգեխանգարմունքի պահին անձնականն ու մասնագիտականն իրար խառնելու պատրաստ իմաստակների լորձը, տարիքի հետ էդպես էլ չհասունացած մանկամիտ «փորձագետների» աքլորականչն ու... ջահելների հեղափոխական ոգին...
Նյութի աղբյուր՝ http://umood.livejournal.com/16035.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել