379348_157662851052659_1593705502_nԵս գիտեմ՝ տերևն ինչու է դողում,
Ինչ են բողոքում արմատներն հողում․․․

Եվ տերևներին արմատներն ասին.
― Շատ միք պարծենա, թե վերում եք դեռ,
Մենք ենք անտառը պահում մեր ուսին,
Արմատներով է անտառը անմեռ։
Մեզ լույս տվողը, իրավ է, դուք եք,
Բայց ինչ լույսով էլ անտառը զուգեք,
Ինչքան էլ մեզնից վերև բարձրանաք,
Թե բարձրանալով շատ գոռոզանաք,
Իմացեք, որ ձեր փառքը վեհաշուք
Հազիվ դիմանա մի գարուն-աշունք,
Կյանքը գոռոզին շատ չի համբերի,
Մի քամի, մի ձյուն ձեզ ցած կբերի,
Որ խելքի գալով
Գահը տաք լալով
Ավելի խելոք նոր տերևների,
Մեզ ավելի վեր տանող թևերի,

Որ Մայր արմատից ուր էլ բարձրանան՝
Կույր տերևի պես մեզ չմոռանան,
Դրախտն էլ մեզ տան՝
Չգոռոզանան։
Բախտդ ում գահն էլ քեզ բարձրացնի՝
Գոռոզությունդ քեզ կկործանի։

Հովհաննես Շիրազ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել