Image may contain: 1 personՄերօրյա իրականության մեջ, որն առաջին հերթին բնութագրվում է ինֆորմացիայի ազատ շրջանառությամբ, մարդուն և հասարակությանը ամենամեծ վնասը՝ նյութական և հոգեբանական առումով, հասցնում է հենց այդ տեղեկության հետ աշխատելու ունակության բացակայությունը:

Եթե մարդ չի կարողանում առանձնացնել անհրաժեշտ ինֆորմացիան ավելորդից, տրամաբանական բովանդակություն ունեցողը՝ հուզականից, ապացուցվածը՝ անհիմն լուրերից, ուրեմն՝ նա դառնալու է ինֆորմացիոն հոսքերի և պատերազմների զոհ:

Տեղեկատվական հասարակություններում բոլորն ինֆորմացիա են ստեղծում և սպառում: Տեղեկության այդ քանակն անհնար է անվնաս մարսել: Հետևաբար՝ պետք չի նույնիսկ փորձել ամեն ինչից տեղյակ լինել, ամեն ինչի մասին կարծիք ունենալ և կարծիք արտահայտել:

Ինչքա՜ն խելացի էին հին հույները, որ տեղեկությունը բաժանում էին ընդամենը երկու մասին՝ կարծիք և գիտելիք:
Իսկ հիմա, դրանցից բացի, ամենուր հանդիպում ես միայն ընդհանուր և ոչինչ չասող տեղեկություն, տեղեկություն, տեղեկություն...

Ի դեպ, ինֆորմացիա բառը ծագել է in-form ձևակերպումից և նշանակում է ընդամենը «մտքի ֆորմա» կամ «ինչ-որ ձևի մեջ տրված միտք, գաղափար»: Այնպես որ, ամեն մեկի և ամեն տեսակի ինֆորմացիաներին շատ լուրջ մի՛ վերաբերվեք, եթե չեք կարողանում գոնե հասկանալ, թե այդ ինֆորմացիան ինչ-որ մեկի կարծիքն է, թե հիմնավոր գիտելիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել