Պատմության մեջ այս օրը 1981թ. դեկտեմբերի 13-ին Լեհաստանում գեներալ Յարուզելսկին հեռուստատեսությամբ ելույթ ունենալով երկրում հայտարարեց արտակարգ դրություն: Արտակարգ դրության հայտարարումը հարված էր երկրում գործող «Սոլիդարություն» շարժմանը: «Սոլիդարությունը» այն շարժումն էր, որը գործելով 1980թ.-ից սկիզբ դրեց Արևելյան Եվրոպայում և ընդհանրապես սոցիալիստական ճամբարում կոմունիստական ռեժիմների անկման գործընթացներին: Շարժումը հստակորեն գործում էր խաղաղ անհնազանդության տրամաբանության շրջանակներում: Այն ուներ հստակ ռազմավարություն և դրանից բխող մարտավարական քայլեր: Դրանցից ամենակարևորը այն էր, որ շարժումը նույնիսկ իր ամենաբուռն ժամանակահատվածում երբեք չմտավ ուժային դաշտ, որտեղ առավելությունը իշխանությունների կողմն էր: Կարճ ասաց չարեց քայլեր, որոնք ձեռնտու էին իշխանություններին: Կոմունիստները ամեն առիթով փորձում էին շարժումը ներքաշել այնպիսի գործողությունների մեջ, որի շնորհիվ նրանք կարող էին տանկեր դուրս բերել Վարշավայի փողոցներ և ճզմել շարժումը: Եվ հենց դա էր նաև այն պատճառը, որ Յարուզելսիկին առանց որևէ հիմնավորման ճարահատյալ արտակարգ դրություն հայտարարեց: Ընդհանրապես այս շարժումը պատմության մեջ լավագույն օրինակներից է, թե ինչպես է հնարավոր բիրտ բռնապետության օրոք կազմակերպված բնույթի խաղաղ անհնազանդության շնորհիվ հաղթանակած շարժում ունենալ: Շարժումը, որը սկիզբ էր առել նավաշինարանում գործադուլային պայքարից, հետագայում տարածվել էր և կարողացել էր գործընթացների շահառու դարձնել լեհ հասարակությանը: Որպես արդյունք՝ շարժումը հսկայական ժողովրդական աջակցություն էր վայելում: Այդ իսկ պատճառով «Սոլիդարությունը» կարողացավ դիմակայել Յարուզելսկու բռնաճնշումներին: Դեկտեմբերի 13-ի հայտարարված արտակարգ դրությունը տևեց մինչև 1983թ. հուլիսի 22-ը: Գեներալ Յարոզելսկու հայտարարած արտակարգ դրությունից հետո (1981 թ. դեկտեմբեր-1983 թ. հուլիս) շուրջ 10 հազար մարդ ձերբակալվեց, իսկ հարյուրավորները սպանվեցին, սակայն դրան զուգընթաց շարժումը փայլուն կերպով շարունակում էր՝ արդեն ընդհատակյա գործունեությունը: Արտակարգ դրության պայմաններում շարժումը ընդհատակյա գործունեություն ծավալելով հազարավոր թռուցիկներ էր տարածում: Արտակարգ դրությունը և բռնաճնշումները ոչ միայն չկոտրեցին շարժումը այլև դրանից հետո 1989թ. հունիսին շարժումը ընտրություններով հաղթեց կոմունիստական վարչակարգին, իսկ 1990թ. ընտրությունների ժամանակ առաջնորդ Լեխ Վալենսան դարձավ նախագահ՝ ավարտելով երկրում կոմունիստական ռեժիմի ապամոնտաժման գործընթացը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: