Կարճամիտ, նեղճակատ, էժան, հնարովի ու մանրաշահ քննադատության-մեղադրանքի մշակույթից ավելի կործանարար մեր Պզդիկ Պետության համար երևի մեր դարավոր թշնամի թուրքն է: Ավաղ, հենց այն նախանշածիս մեռյալ ջրերում էլ լող ենք տալիս արդեն 20-25 տարի է (Այստեղ շաաատ երկար, շաաատ-շատ երկար, փաստ առ փաստ կարելի է թվարկել, ու մեկ է, չամբողջացնել այն ամբողջ քննադատական-մեղադրական խույսը, որի մեջ իրենց գերակա դերակատարումն ունեն ընդդիմության ու իշխանության ամենատարբեր զանգվածներն ու անձեր): Բայց ժամանակն ամենաթանկն է, իսկ հարգանքը դիմացինի հանդեպ ամենակարևոր արժանիքներից Մարդուս համար: Ուստի կխնայեմ թե՛ իմ, թե՛ ձեր ժամանակը, որովհետև հարգում եմ թե՛ ինձ, թե՛ իմ յուրաքանչյուր Հային: Ուստի կարճ կկապեմ:
Ես մեղադրում ու քննադատում եմ իմ պետության իշխանությանն ու իշխանավորին, ամենատարբեր ընդդիմությանն ու ընդդիմադիրին, քաղաքացուն ընդհանրապես՝ նախագահից մինչև ինձ, որ անցած 20-ից ավելի տարիներին չկարողացանք ու շարունակում ենք չկարողանալ կայացնել, թեկուզ քառակուսի մետրով փոքր, բայց հզորությամբ ինքնաբավ այն պետությունը, որը ՎԱՂԸ, երբ Թուրքիայի պես արհեստական ձևավորված պետական միավորը կանգնի փլուզման եզրին, մենք մեր բաժին կտորը կարողանայինք պոկել, գոնե Կարսը, Սև ծովի ափը, Վանա լիճը, դե Բիբլիական Արարատը չասեմ: Այո՛, հենց սրա համար եմ ամաչում, մեղադրում ու քննադատում:
Իսկ որ Թուրքիան մասնատվելու ու կազմաքանդվելու է, արդեն կանխատեսում են շատ լուրջ համաշխարհային քաղվերլուծաբաններ: Իսկ մենք ի՞նչ ենք անում. զբաղված ենք իրար միս ուտելով, իրար վիրավորելով, իրար ոտ տրորելով ու մեր սահմանափակ մեդիայով դա էլ շրջանառում ենք առավոտից իրիկուն: Ու այստեղ ոչ մի ռոմանտիզմ չկա:
ՎԱՂԸ սպասվածից շուտ է գալու, իսկ մենք սովորականի պես անպատրաստ ենք լինելու, ԱՎԱՂ:



