1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի բնակիչները գոյություն ունեցող իրավական դաշտի շրջանակներում լեգիտիմ ընտրություն կատարեցին անկախության ճանապարհով շարժվելու օգտին: Վստահ եմ, որ բանական մարդիկ հասկանում են, որ դա այդ օրվա դրությամբ գոյություն ունեցող իրավական հնարավորության օգտագործումն էր, և հայկական կողմից որոշումներ կայացնողների մեջ չկար մտայնություն, թե Արցախն ու Հայաստանը իրարից անկախ պետք է լինեն: Միացման ուղին երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով. այդ օրվա խորհուրդը և արցախցու ընդունած որոշումը հենց սա է իմ կարծիքով։
Անցել է ուղիղ 25 տարի: Պատերազմ, կորուստներ, հաղթանակներ, վերականգման աշխատանքներ, նոր սերունդ, սահմանադրություն, ընտրություններ, ժողովրդավարական ինստիտուտներ, միջազգային հարաբերություններ, անհաջողություններ, հաջողություններ... Մի խոսքով՝ կյանք է, ապրում ենք, երևի պայքարում ենք, առնվազն փորձում ենք՝ քաղաքական մանիպուլյացիաներից մինչև ազնիվ նվիրական պայքարի մեթոդներով: Իսկ գլխավոր խորհուրդը մնացել է նույնը՝ միացման ճանապարհը երկար է լինելու, բայց անշեղորեն գնալու ենք դրանով:
Դե ուրեմն՝ չհոգնենք, չհանձնվենք, թևաթափ չլինենք, իրականում դասեր քաղենք, փոխվենք, բարեփոխվենք, ազնիվ լինենք, ստեղծագործենք, արարենք, սիրենք, ծնվենք շատ, ապրենք, քանի որ միացման ճանապարհը երկար է լինելու, բայց անշեղորեն պետք է գնալ դրանով:
Պայքարի հավատի ու հաղթանակի համաշխարհային խորհրդանիշներից մեկը՝ Նելսոն Մանդելան, ունի մի հրաշք խոսք՝ ժխտել մարդկանց իրավունքները հավասարազոր է վիճարկել նրանց՝ բուն մարդկության ցեղին պատկանելը: (“To deny people their human rights is to challenge their very humanity.” Nelson Mandela )
Մենք ունենք իրավունքներ և որևէ մեկին չպետք է նայենք մեր իրավունքների իրագործման հարցում:
Ի՛մ սիրելի հայրենակիցներ, դուխով։