Մենք այսօր գտնվում ենք նոր տեխնոլոգիական հեղափոխության շեմին, որը արմատապես փոխելու է մարդկանց կենսակերպը: Իր ծավալով, բարդությամբ այսպիսի տրանսֆորմացիա մարդկության պատմության մեջ չի եղել: Ներկայումս գիտության զարգացումը տեղի է ունենում արագացված տեմպերով: Շրջադարձային իրողություններ են տեղի ունեցել գիտության և տեխնոլոգիաների զարգացման տարբեր ճյուղերում՝ հանգեցնելով արհեստական ինտելեկտի, ինքնավար տրանսպորտային միջոցների, 3D տպագրության, նանոտեխնոլոգիայի, բիոտեխնոլոգիայի և էներգետիկայի պահեստավորման զարգացմանը:
Տեխնիկայի և գիտության զարգացման հետ մեկտեղ աշխարհում մեծանում է մրցակցությունը գիտության նվաճումների բնագավառում: ԱՄՆ-ն, Ճապոնիան, Չինաստանը, Գերմանիան և այլ բազմաթիվ երկրներ գիտության տարբեր ճյուղերում հսկայական միջոցներ են ներդնում, որը մեծ արդյունք է ունենում տնտեսության զարգացման համար:
Հայաստանը, իհարկե, չունի նման ահռելի միջոցներ, որպեսզի ուղղի գիտության ֆինանսավորմանը, սակայն Հայաստանն ունի համապատասխան մտավոր ներուժ, որը մինչ այսօր մնում է չօգտագործված: Հայաստանում գիտությունը զարգացնելու համար պետք է աշխատել մի քանի ուղղությամբ. հիմնական շեշտը ուղղել կիրառական գիտության ճյուղերի մրցունակության բարձրացմանը, որոնք հնարավորություն կտան շահույթ ստանալու, ինչպես նաև արտասահմանից միջոցներ ներգրավել գիտության ֆինանսավորումը ապահովելու համար:
Գիտության ոլորտում մյուս ամենակարևոր խնդիրներից մեկը ոլորտի արդյունավետության բարձրացումն է և ուղեղների արտահոսքի կանխումը: Այս ուղղությամբ մեծ գործ կատարելու տեղ ունի պետությունը, որը պետք է ցուցաբերի համապատասխան աջակցություն: Այս առումով կարևոր է, որ ՀՀ ԳԱԱ կատարած այցի ընթացքում վարչապետը ընդգծել է, որ պետությունը գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները, որտեղ գիտության ներկայացուցիչների ասելիքը կլինի կիրառելի և ընկալելի: Նշենք, որ, ավելին, խնդիր պետք է դրվի, որ գիտությունը հասնի այնպիսի մակարդակի, որ գիտնականը իր գործունեությամբ ավելի շատ օգուտ տա երկրին, քան վերցնի պետությունից:
ՀԳ. Պետք է քայլել ժամանակակից գիտության զարգացմանը համընթաց, որի դեպքում կգրանցվեն տեսանելի արդյունքներ: