Ամբողջովին դիտեցի Պետրոս Ղազարյանի հաղորդումը ու մնացի ապշած: Մեր արվեստի ներկայացուցիչները կարծես չեն տեսնում այն, ինչ կա մեր երկրում: Հարգելի Շուշան և Դավիթ, դուք` որպես արվեստագետ, ինչպե՞ս կարող եք պաշտպանել այն իշխանությանը, առավել ևս մի կուսակցության, որի անդամ են հանդիսանում Սամվել Ալեքսանյաններն ու Սուրիկ Խաչատրյանները: Միայն նրա համար, որ այդ ու նման տարրեր այսօր մեր երկրի իշխանությունն են ներկայացնում, արդեն իսկ ստիպում են հեռու լինել «իշխանությունից»: Հատկապես Շուշան Պետրոսյանին եմ ուզում հղել. ստացվում է, որ դուք ավելի լավ եք համարում լինել այս օլիգարխիկ կուսակցության անդամ ու վստահել երկրի զարգացումը այն մարդկանց, որոնց անմիջական գործունեության պատճառով ՀՀ քաղաքացիների քառասուն տոկոսը աղքատ է: Դուք՝ որպես մայր, կարող եք մեկ վայրկյան անգամ մտածել, որ Ձեր երեխան կարող է թերսնվել կամ քաղցած քնել: Ոչ, չեք կարող պատկերացնել: Բացեք Ձեր աչքերը ու թող խոսի Ձեր փոխարեն ոչ թե ՀՀԿ-ականը, այլ քաղաքացին, այն քաղաքացին, որ հավասարություն է ուզում, արդարություն է պահանջում: Ամոթ է, որ չեք տեսնում Ձեր կուսակից-օլիգարխների կեղծիքները, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, համարում եմ նման տարրերին ժողովրդի թշնամի, իսկ եթե Դուք աչք եք փակում նման տարրերի արածների վրա, ապա Դուք հավասարաչափ թշնամի եք ինձ համար:
Խոսում եք կարիերիստներից, գոնե Դուք մի խոսեք, որովհետև այսօր երիտկարիերիստնեը վխտում են ՀՀԿ-ում:
Ընտրակաշառք են վերցնում, բայց չեն ընտրում նրան, ով բաժանել է այդ կաշառքը: Դուք նման քաղաքացիներին անազնիվ եք որակում: Փաստացի ստացվում է, որ ազնի՞վ է կաշառք բաժանել ու անազնիվ կաշառք բաժանողին չընտրելը: Ցավո՞ւմ եք ՀՀԿ-ի բաժանած գումարների համար, որ արդյունք չտվեցի՞ն Գյուրմրիում: Ես էլ ասում ես Ձեզ, շատ լավ վարվեցին, քանի որ նման կերպ մի լավ ապտակ հասցրին հենց թեկուզ նաև Ձեզ, քանզի Դուք հենց այն կուսակցության ներկայացուցիչն եք, որ կաշառք էր բաժանում: Ես խոնարհվում եմ գյումրեցու քաջության առջև և սա շատ լավ դաս համարում, որ հաջորդ անգամ միլիոններ չհատկացնեք ընտրակաշառքին, այլ այդ գումարները ուղղեք ավելի բարի գործերի կատարմանը: Եթե դուք լինեիք իսկական ՀՀ քաղաքացի, առաջինը պետք է պահանջեիք մաքրել ՀՀԿ բոլոր քրեաօլիգարխիկ տարրերից, կարիերիստներից ու քծնվողներից: Ես Ձեզ շատ հարգում էի ու գնահատում Ձեր արվեստը մինչ այն պահը, երբ ՀՀԿ հովանու տակ մտաք Խորհրդարան: Հետո նորից հույսեր ծնվեցին, գուցե վերջապես ՀՀԿ-ն կհասկանա, կդառնա այն ուժը, որ պետք է իրապես լինի, բայց նախորդ հինգ տարիները միայն հակառակն ապացուցեցին: Այնպես որ հիմա ձեզ հարգել չեմ կարող, գուցե որպես երգչուհի արժանի եք հարգանքի, բայց որպես ՀՀԿ-ական, իմ կողմից՝ ոչ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10200787155345292
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել