Գյուղացիների նկատմամբ պարտավորությունների մարումը պետական «լուպայի» տակ
ՀՀ տնտեսության գերակա ճյուղուղերից մեկը` գյուղատնտեսական ոլորտը, վերջին տարիներին արձանագրում է աճի դրական միտում: Ցանքատարածությունների ավելացումը, միջազգային և պետական աջակցության ընդլայնումը նպաստում է բերքատվության աճին: Այս պարագայում մի կողմից ստեղծվում է գյուղացու համար ցանկալի իրավիճակ, մյուս կողմից՝ առաջանում է լրացուցիչ խնդիր՝ ստացված բերքը վաճառելու ուղղությամբ:
Նմանատիպ խնդիր առաջանում է խաղողի մթերման հարցում: Այդ պատճառով գործադիր մարմինը մթերումից ամիսներ առաջ հանդիպումներ է ունենում գործարարների հետ և փնտրում գյուղացիների բերքը մթերելու հնարավոր ուղիներ:
Ստեղծված իրավիճակում գործարարները գնում են գյուղացիների առավելագույն բերքը, սակայն այստեղ էլ առաջանում են վճարման խնդիրներ: Այս հարցի լուծումը շատ կարևոր է, քանի որ անհրաժեշտ գումարի բացակայության դեպքում գյուղացին կարող է խնդիրներ ունենալ նոր բերքի համար նախատեսված ծախսերի փակման կամ առկա բերքի ստացման համար նախկինում վերցված ֆինանսական միջոցների մարման հարցում:
Այս տարվա սեպտեմբեր ամսին մթերումների դիմաց գյուղացիներին առկա պարտքը կազմում էր 820 միլիոն դրամ: Վերջին երկու ամիսների ընթացքում կատարված մարումների ընթացքում պարտքը նվազեց՝ հասնելով 145.2 միլիոն դրամի: Պետությունը հորդորել է վերամշակող ձեռնարկություններին մինչև տարեվերջ մարել գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները: