28 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Հայաստանի համար հերթական ճակատագրական երկրաշարժը, որին զոհ գնաց մի քանի տասնյակ հազար մարդ, մարդիկ մնացին հաշմանդամ, անտուն ու անտեղ։ Անցած երկրաշարժի մասին խոսվել է շատ, խոսվում է հիմնականում, քանի որ հետևանքները մինչև հիմա հաղթահարված չեն։ Այսօր ասում են, որ երկու տարուց բոլոր մարդիկ ապահովված կլինեն տներով։ Շատ բարի, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։
Հիմա խոսենք նրա մասին, թե ինչքանով ենք պատրաստ այն երկրաշարժին, որը կլինի մի քանի տարի հետո։
- Վայ-վայ-վայ... էս ի՞նչ ես ասում, բերանդ խերով բաց, Աստված ոչ անի։
Այդպես էլ ապրում ենք՝ «Աստված ոչ անի»։
Աստված ինչ կանի, մեր բոլորիս գործը չի։ Մեր գործը գիտակցելն է իրավիճակը։ Իսկ իրավիճակը հետևյալն է. մեր տարածաշրջանում երկրաշարժերը քանդել են մեր քաղաքներն ու ամրոցները հազարամյակներ շարունակ, երկրաշարժերն են քանդել ժամանակին Էրեբունին, քանդել են Գառնին, Տաթևը, Գագիկաշեն եկեղեցին, Զվարթնոցն ու Հաղարծինը։ Երկրաշարժն է հիմնովին քանդել Երևանը 1679-ին, երկրաշարժն է քանդել Լենինականը 1926-ին, ինչից հետո քաղաքը վերակառուցվել է այն նորմերին համապատասխան, որոնց մասին բոլորս շատ ենք լսել։ Ու ընդամենը 62 տարի անց հերթական երկրաշարժը քանդել նույն շրջանը հիմնովին։
Աստված թող ոչ անի ապագայում երկրաշարժը։ Ու նշանակում է, որ մենք կարող ենք շենքերը առաջ տանք զարգվածային կերպով՝ բնակեցնելով 4-5 հարկ վրա-վրա կես մետր ֆունդամենտ շենքերում, կարող ենք զանգվածային կերպով բոլոր շենքերի վրայից մի հարկ ավելացնել, իսկ մի քանի տարի անց այդ հարկի վրայից ևս մի մանսարդային հարկ։ Ես չեմ խոսում չեմ խոսում ճարտարապետական դիմագիծը ապականելու մասին։ Ես խոսում եմ ապագայում մեզ մոտ տեղի ունենալիք երկրաշարժի մասին։ Վերջապես մենք ունենք նույն ժամանակահատվածում կառուցված հազարավոր շենքեր մեր երկրի ողջ տարածքում, մենք ունենք պանելային շենքերի բազմություն Մասիվում, Դավիթաշենում, 15, 16, 17 թաղամասերում, ու ինչպես են դրանք իրենց պահելու ապագա երկրաշարժի ժամանակ գուշակելը այդքան էլ բարդ չէ։
Մի քանի օր առաջ ինձ մոտ միտք ծագեց ստեղծելու երկրաշարժի արդյունքում խոցելի շենքերի քարտեզ՝ ստանալով նաև շատ մոտավոր թիվ, թե ինչքան մարդ կարող է զոհ գնալ, եթե Երևանում տեղի ունենա 7 բալանոց երկրաշարժ։ Հսկայական աշխատանք է, իհարկե, ոչ միայն այն պատճառով, որ անհրաժեշտ է լուրջ սեյսմիկ վերլուծություն ներառել։ Գործը բարդացնում է նաև այն, որ մենք այսօր մեր հույսը դրել ենք Աստծու վրա, չենք խոսում դրա մասին, ու շենքերը առաջ ենք տանում, շենքերի վրա նոր շինություններ են կառուցում ու հույս ունենք, որ երկրաշարժ Հայաստանում էլ չի լինի երբեք։