Картинки по запросу Կարեն ԿարապետյանՕրերս վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ձևաչափը, որին հարցեր ուղղելու հնարավորություն ունեն քաղաքացիները` Ֆեյսբուք սոցցանցի միջոցով, պետք է խոստովանել, հետաքրքիր էր ընտրված, նաև նախադեպի առումով: Ամեն դեպքում անմիջականությունն ապահովված էր:

Անձամբ ես սպասում էի ավելի բուռն քննարկում և նոր հարցերի պատասխաններ, նոր մեկնաբանություններ: Բայց որպեսզի լինեին նոր մեկնաբանություններ, պետք է լինեին նաև նոր հարցեր: Հարցերի հիմնական մասն այս կամ այն առիթով արդեն հնչել էին` հատկապես աշխատատեղերի ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտագաղթի դադարեցման վերաբերյալ հարցադրումները, որոնց վերաբերյալ վարչապետի մոտեցումը թերևս կբնութագրեի ֆունդամենտալ ու զերծ ավելորդ պաճուճանքներից, այն է` կա մի ճանապարհ` աշխուժացնել բիզնեսը:

Հանդիպման առավել հետաքրքիր դրվագներից մեկն այն էր, որ վարչապետն ընդգծեց սիրիահայերի կողմից սպասարկման նոր որակի ու նոր մշակույթի ներմուծումը Հայաստան: Եթե նրանց օրինակով աշխարհի տարբեր ծայրերից տարբեր մշակույթի կրող հայեր բերեն տնտեսության այս կամ այն ճյուղին առնչվող իրենց մշակույթը, դա, անկասկած, առաջընթացի լուրջ ներուժ կլինի մեր երկրի տնտեսության կայացման ու բիզնես մտածողության ձևավորման առումով: Սրան կարող է նպաստել նաև գլոբալ հայերին առնչվող նախագծերը, որոնց շուրջ ևս որոշակի քննարկում եղավ հանդիպման ժամանակ:

Որպեսզի այդ բանը տեղի ունենա, առաջին հերթին հարկավոր են համապատասխան պայմաններ: Եթե սիրիահայերը Հայաստան են եկել ստիպված` Սիրիայում քաղաքացիական պատերազմից խուսափելով, ապա մյուս երկրների հայերի պարագայում արդեն անհրաժեշտ է բիզնես գրավչություն: Առաջն պայմանը` սեփականության անձեռնմխելիության ապահովում, հավասար պայմաններ, ինչի մասին էլ բարձրաձայնեց հանդիպման մասնակիցներից մեկը:

Ես մի դիտարկում եմ ուզում անել. Ֆեյսբուքով ուղարկված հարցերը շատ ընդհանուր էին, կարծես, իրենց բնույթով կոնկրետությունից որոշակիորեն հեռացած, իսկ լրագրողների հարցերը, որոնք շատ հաճախ լսում ենք տարբեր առիթներով, իրենց մեջ պարունակում են պոպուլիստական բնույթ ու ավելի շատ քաղաքական երանգավորում ունեն, քան տնտեսական ու նեղ մասնագիտական, ինչն այս պահին, ըստ իս, պակասում է մեր շահագրգիռ հանրությանը:

Հնարավո՞ր է արդյոք ընտրել այս երկու ոճերի միջինը` կոնկրետ, բայց ոչ պոպուլիստական: Հուսանք` հաջորդ նմանատիպ հանդիպման ժամանակ այս պայմանը կապահովվի: Դա կախված է ինչպես կազմակերպիչներից, այնպես էլ հանրությունից: Ակնկալվում են կոնկրետ հարցեր` կոնկրետ պատասխաններով, կոնկրետ տնտեսության ճյուղերի ու խնդիրների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել