ԵՐԵՎԱՆ – Այսօր հայտնի դարձավ, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է հիմնել իր առաջին բիզնեսը։ Պատգամավորի խոսքով՝ այդ գաղափարը իրեն տվել են լրագրողները, որ տարիներ շարունակ մեղադրել են ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար։ «Այնքան ասեցին-ասեցին, որ որոշեցի իսկապես մի փոքրիկ սեփական գործ ստեղծել»,- անկեղծացավ Ալեքսանյանը՝ «հաջորդ ընտրությունները այդքան էլ հեռու չեն, ու Աստված գիտի՝ ես կանցնեմ, թե ոչ։ Դրա համար աստիճանաբար ուզում եմ կողքից մի բան բզբզալ»։
Ալեքսանյանը դեռ վերջնական չի կողմնորոշվել, թե որ ոլորտում կլինի իր առաջին բիզնեսը։ «Հնարավորա ՏՏ ոլորտ, շարժական հավելվածներ, կամ վեբ կայքերի դիզայն․ Հայաստանում շատ զիլ PHP և Java մասնագետներ կան։ Կցանկանայի որևէ բան ներկրել, բայց այդ շուկան, որքան գիտեմ, խիստ մոնոպոլիզացված է։ Հենց այնպես չես կարող, օրինակի համար, շաքար ներկրել»,- նշեց Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ գործարարությունը այնպիսի բան է, որ ամեն մարդու տրված չէ, հնարավոր է, որ առաջին քայլերը ձախողվեն՝ «Ինձ շատ դուր է գալիս նոր վարչապետի ռեֆորմիստական քաղաքականությունը։ Նա ուզումա նենց անի, որ իմ նման անփորձ նորեկը ու բիզնեսի մեջ հարյուր տարի թաթախված գայլերը նույն, հավասար պայմաններում աշխատեն»։
«Ամեն դեպքում կփորձեմ։ Այո՛, առաջին անգամն է, բայց ունեմ գործարար ընկերներ, որոնք թե՛ խորհուրդով, թե՛ քաղցր խոսքով պատրաստ են օգնել։ Առաջին քայլը արդեն արել եմ՝ բիզնեսի մասին մի քանի կարևոր գրքեր եմ ձեռք բերել։ Եթե ոչինչ չստացվի, կվերադառնամ հին ու փորձված օրենսդրական աշխատանքին, որտեղ ինձ միշտ զգացել եմ, ինչպես ձուկը ջրում»,- եզրափակեց ապագա գործարարը։