Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց Պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ Հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայաստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիաբանության պատճառով նորից պարտվեց ու կիսվեց Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև:
Դրան հաջորդած ~2000 տարիների ընթացքում մենք մնացինք երկփեղկված ու անասելի կորուստներ տվեցինք. Արաբական խալիֆաթ ու Բյուզանդիա, մոնղոլ-թաթարներ ու Բյուզանդիա, Թուրքիա ու Պարսկաստան, Թուրքիա ու Ռուսաստան, ԱՄՆ ու Ռուսաստան… Ոչ մի այլ ազգ չէր դիմանա այս ճակատագրին ու կորուստներին: Այս մղձավանջի մեջ մի լուսավոր էջ ունեցանք. Արցախի մասնակի ազատագրումը, ինչը նորից կարող ենք կորցնել մեր անմիաբանության պատճառով:
Մեր գոյության երեք հիմքերն են ԿԵՆՍԱՏԱՐԱԾՔԸ, ԼԵԶՈՒՆ, ԿՐՈՆԸ, որոնց սոսնձողն ու տերը տեսակի կրողն է՝ ազգը: Նորմալ բնական աճի դեպքում այսօր պիտի լիներ հարյուր միլիոնից ավել հայություն, սակայն մենք դրանից 10 անգամ քիչ ենք: Հայոց պատմական կենսատարածքի 90%-ից ավելին կորցրել ենք: Ազգային կրոնից ու աստվածներից հիշողությունների փշրանքներ են մնացել: Ազգային գոյության հիմքերից մնացել է միայն օտարաբանություններով աղտոտված լեզուն, և մեր գոյությունը դրվել է խիստ հարցականի տակ:
Տիարք Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովաննիսյան, այսօր մեր ազգը բզկտել ցանկացող աքցանների թիվը շատացել է: Այսօր միայն ԱՄՆ-Ռուսաստան կողմնորոշման կամ Թուրքիային ու Ադրբեջանին հակահարված տալու խնդիրը չէ: Ազգը բզկտվում է նաև ներսից. աղանդներ, կուսակցություններ, սոցիալական անարդար շերտավորում, գործազրկություն, արտագաղթ…
Այսօրվա Հայաստանը նման է գժանոցի. լրատվամիջոցներն ու սոցցանցերը հեղեղված են ատելությամբ, հայհոյանքներով, սադրանքներով… Հայ ուսանողներն իրար են ծեծում, հայ մայրերի բերանից ամեն օր անեծք է հնչում… 2008թ. մարտի 1-ին անմեղ զոհերի արյուն թափվեց Ս. Սարգսյան-Լ. Տեր-Պետրոսյան հակամարտության պատճառով: Մի գնացեք այդ ճանապարհով: Սթափվե՛ք:
Տիար Սերժ Սարգսյան, եթե Ձեզ համարում եք ընտրված նախագահ, ապա ազգի ու պետության անվտանգության պատասխանատուն եք: Ուրեմն առաջին քայլն արեք Դուք. հրավիրեք Րաֆֆի Հովաննիսյանին և ներկայացրեք ու քննարկեք համագործակցության իրատեսական առաջարկներ:
Տիար Րաֆֆի Հովաննիսյան, Դուք թշնամուն չեք պարտվել, այլ հայ ազգի մի ստվար զանգվածին, որը ևս անհրաժեշտության դեպքում տեր է կանգնելու իր տված ձայներին: Իսկ դրա հետևանքն արյունահեղությունն է:
Տիարք, ձեր քթից արյուն չի կաթի, բայց նորից կզոհվեն անմեղ երիտասարդներ: Սթափվեք, վերջ տվեք «ընտրված» ու «պարտված» նախագահների վայրենի առճակատման ավանդույթին:
Մենք կործանման մատույցներում ենք, բայց դա դեռ վերջը չէ, եթե դուք միացյալ ջանքերով ժողովրդին համախմբեք ազգապահպան գաղափարի ու գործի շուրջ: Մեր ազգի ներքին պոտենցիալը շատ մեծ է, և նա կարող է նույնիսկ կործանման պահին փյունիկ թռչունի նման զորացած վերածնվել:
Տիարք Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովհաննիսյան, եթե դուք իսկապես ազգի ու պետության ճակատագրով մտահոգ այրեր եք, ինչպես գրված է ձեր նախընտրական ծրագրերում, ապա կոչ եմ անում վերջ տալ այս առճակատմանն ու համատեղ ջանքերով փնտրել առկա խնդիրների լուծումները:
Մեր պատմության վերջին 2000 տարվա ամեն մի դարն ունի իր Վարդանն ու Վասակը: Մի դարձեք Վարդան ու Վասակ, ազգը մի բաժանեք վարդանանց ու վասակյանց: Բավ է: Վաղուց ժամանակն է պատմությունից դասեր քաղել:
Դարձեք երկվորյակ եղբայրներ, դարձեք մի նոր Սանասար ու Բաղդասար և միավորեք ազգը: Դա է փրկության ճանապարհը: Աստված ձեզ խոհեմություն տա:
Համլետ Մարտիրոսյան
28 փետրվարի 2013թ.



