Նալբանդյանի արձանի մոտ մի պապիկ էր զբոսնում: Վերարկու, գլխարկ, փողկապ` ամեն ինչը տեղը տեղին: Բարի հեքիաթասացի դեմքով: Հազիվ էր քայլում` մանր, զգուշավոր քայլերով: Ու մի կողմի թեքված, կարծես պարալիզացված լիներ: Մի ձեռքում ձեռնափայտն էր, մյուս ձեռքում` թոռան թաթիկը: Որն էլի հազիվ էր քայլում: Մանր, զգուշավոր քայլիկներով:

Վարդան Մամիկոնյանի արձանին մի ագռավ էր նստել: Թրի ամենածայրին: Կերած-խմած ագռավ էր` Մամիկոնյանի պաթոսին անհաղորդ ու անտարբեր: Մի պահ տեղափոխվեց գլխին, փորձեց հարմարվել, փոշմանեց հետ գնաց:

Կասկադի դիմաց ֆրանսիացի երիտասարդներ են խմբված: Արագ-արագ խոսում են` կամերան կարգավորելով: Քայլելով մոտենում եմ, նայում իրենց կամերայի աչքի ուղղությամբ: Օ՛հ, թմբլոն կասկադի ֆոնին: «Թղե բյան, թղե բյան», - բլբլում են ու նկարում:

Պատկերասրահում չորսամյա աղջիկը թողեց մոր ձեռքը, վազեց հասավ մորեմերկ կնոջ արձանին, պարզեց մատը ու` «սա ինց բան էր, ամոթ քեզ», մյուս սրահում էլ, թե` «յա՛, էլի՛ տկլոր են»:

Սարյանի արձանից ոչ հեռու հայր ու դուստր անցնում են արագ քայլով: Աղջիկը մի պահ կանգ է առնում. «Պա՛պ, պա՛պ, էն ի՞նչ սպիտակ արջի արձան է»: «Արջ չի, Սարյանն ա», - շտապեցնում է հայրը: «Սարյա՞կ, էսքա՞ն մեծ», - ապշում է երեխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել