Վերջին տարիներին սահմանային միջադեպերը, հրադադարի խախտումները և հարևան երկրի սանձարձակությունը այլևս ոչ ոքի մոտ զարմանք չի առաջացնում: Մենք կարծես ձեռք ենք բերել դիմադրողականություն և ավելի շուտ կզարմանանք, եթե մի օր արթնանաք ու պարզվի, որ գիշերը հրադադարի ռեժիմ չի խախտվել:

Սա Հայստանն ու Արցախը մշտապես վտանգի տակ պահելու քաղաքականությունն է:

Պատահական չէ նաև, որ Թուրքիան հրաժարվեց վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները՝ չնայած միջազգային հանրության, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ճնշումներին: Եթե բացվեին սահմանները, Հայաստանի տնտեսությունը կսկսեր շունչ քաշել և զարգանալ:

«Հայկական պետություն» հայեցակարգի ստեղծման անհրաժեշտությունը

Այս հանգամանքները մի կողմից, ադրբեջանական ու թուրքական հռետորաբանությունը՝ մյուս կողմից, գալիս են հաստատելու տարիներ շարունակ քննարկվող այն թեզը, որ իրականում Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը ավելի խորն է, քան ԼՂ-ին տիրանալու պարզունակ ցանկությունը: Ավելին՝ բացահայտ հայտարարվում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակներում Հայաստանը առնվազն երեք անգամ պատրաստակամություն է հայտնել հանձնել ԼՂ կից անվտանգության գոտին՝ թողնելով ԼՂՀ կարգավիճակը «թղթի վրա», սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է՝ ներկայացնելով անհիմն պատճառներ:

Վերը նշվածը բացատրելի է այն անհերքելի վարկածով, որ Ադրբեջանը ու նաև Թուրքիան բնավ հետաքրքրված չեն լուծելու ղարաբաղյան հարցը: Եթե որևէ կերպ հարցը լուծվի, նրանք ստիպված կլինեն Հայաստանը ազատել շրջափակումից, կնքել խաղաղություն և հաստատել համակեցության նոր կանոններ:

Երկու հարևան պետությունների «պլան մինիմումը» Հայաստանը հյուծել ու թուլացնելն է, իսկ վերջնական նպատակը Հայաստանի, եթե ոչ ամբողջ, ապա գոնե տարածքի մեծ մասի զավթումն է: Պատահական չէ, որ Իլհամ Ալիևը պարբերաբար հիշեցնում է Զանգեզուրի, Տավուշի, Լոռիի ու նույնիսկ Երևանի «ադրբեջանական լինելու» մասին:

Հայաստանում սա վաղուց են հասկացել, սակայն մեր երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը, չնայած բազմաթիվ մեթոդներին և մոտեցումներին, դեռևս չի տվել այս հարցի հիմնարար լուծումը, գոնե տեսության (երազանքի) մակարդակով:

Ապրիլյան քառօրյան դարձավ այն առհավատչյան և խորհրդանիշը, որ կարճաժամկետ տնտեսական կամ արտաքին քաղաքական լուծումները բավարար չեն, հայկական հարցը պահանջում է խորքային ու ռազմավարական լուծում, թեկուզ այդ լուծումը պահանջի 50 տարի:

Երկարաժամկետ ծրագրավորումը պահանջում է, փոփոխականների (ԵՄ, ՌԴ, ԱՄՆ և այլոց հետ հարաբերություններ) և «կայունների» վերլուծություն և ծրագրավորում: Հայկական խնդրի տեսակետից մեր երկրին հասու է միայն երեք «կայուն» գործոն, դրանք են՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ժողովուրդը:

Թե ինչպես կլինի, օրինակ, ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի դերը աշխարհում, և ինչպիսին կլինեն մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, նույնիսկ 10 տարվա հեռանկարով ծրագրավորելը անհնար է: Հետևաբար հայկական խնդրի լուծումը պետք է փնտրել և ծրագրավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ժողովրդի մեջ:

Այս տեսակետից միանշանակ ողջունելի է «ազգ-բանակ» հայեցակարգը, սակայն հայտնի տեղեկատվությունից երևում է, որ այն դեռևս կիսատ է, քանի որ չի ներառում Արցախի ու Սփյուռքի ժողովուրդներին: «Ազգ-բանակին» զուգահեռ անհրաժեշտ է մշակել «Հայկական պետություն» հայեցակարգը, որը կներառի տնտեսական, սոցիալական, մշակութային ու քաղաքական բոլոր լուծումները, որոնք ապագայում Հայաստանը կդարձնեն ողջ հայ ժողովրդի հայրենիքը: Խոսքը նրա մասին չէ, որ բոլոր հայերը վերադառնան Հայաստան: Ցանկացած հայ աշխարհում պետք է որևէ կերպ կապված լինի Հայաստանի հետ՝ լինի դա գիտության, տնտեսության, մշակույթի, թե որևէ այլ ոլորտում:

«Ազգ-բանակ» և «Հայկական պետություն» հայեցակարգերի համադրությունը և դրանց իրականացումը հնարավորություն կտա երաշխավորելու Հայաստանի ու հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգությունը և բարեկեցությունը:

Հեղինակ՝ Վիկտոր Ենգիբարյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել