Պետք է հասկանալ վերջապես, որ ինչ-որ բան հասկանալը չի ենթադրում դրա կառավարում կամ միջամտություն այդ գործընթացին:
Իմանալ չի նշանակում հասկանալ․ մարդիկ շատ բան գիտեն, բայց քիչ բան են հասկանում։
Հասկանալ չի նշանակում կարողանալ միջամտել կամ կառավարել․ մենք հասկանում ենք, թե ինչպես է աշխատում ստամոքսը, բայց դա դեռ չի նշանակում, որ կարող ենք միջամտել այդ գործընթացին։
Ամբողջ ֆեյսբուքահայությունը կենտրոնացել է հասկանալու վրա՝ մի մասը բացատրում է մյուս մասին․․․ Բայց հասկանալն ինքնին արժեք չէ, եթե հասկացածը ինչ-ինչ պատճառների կամ հանգամանքների բերումով կիրառելի չէ։
Մարդիկ սովորում են, կրթություն են ստանում, փորձ են ձեռք բերում տասնամյակներով և կուտակում այդ ամենը, կուտակում, կուտակում․․․ Եթե չես կիրառում ինչ-որ բան փոխելու համար՝ այդ գիտելիքների և իմաստության ամբողջ պաշարն ավելորդ բեռ է, որը խանգարում է գիշերը քնելուն։ Սկսես կիրառել՝ առավել ևս գիշերները չես քնի, բայց քո և հանրության կյանքում մի բան կարող է փոխվել։
Հռետորական հարց․ կա՞ արդյոք այն խիզախը, ով պատրաստ է զոհաբերել իր քունը՝ հանրությանը քնից հանելու համար։