Մթություն, բայց ոչ գիշերային, որը հիշեցումն է ընդամենը  օրվա ավարտի: Մշուշապատ, խորաթափանց մի մթություն, որը կլանել է փոքրիկ մի սենյակ, որտեղ  հայելիներ են, ամենուր հայելիներ, որոնք արտացոլում են ոչ միայն արտաքինը, այլև այն ամենը, ինչը ներսում է՝ անթափանց, պահված ամեն ինչից ու ամենքից: Արտացոլված մի ստվեր իմ առջև, այնքան հարազատ ու ծանոթ պատկեր, բայց վախենում եմ, սարսափում այդ պատկերից, նայում է ինձ, երբեք չի խոսում, միայն աչքերով է հասկացնում, որ երբեմն ատում է ինձ, երբեմն մեղադրում, հաճախ ստիպում անել այն, ինչը անզոր եմ: Ստվերը մտնում ու դուրս է գալիս հայելիներից: Կնոջ մարմին է կարծես արվեստանոցում կերտած՝ մանրամասնորեն ու մանրակրկտորեն, հագին՝ սև զգեստ, կարծես սքեմ՝ թաքցնող էությունը, թևքերը երկար են, որոնք հասնում են թափանցիկ մատներին, հայացքը սառը, աչքերը կարծես ապակի՝ պարզ, աշնանային անձրևից հետո պոկված երկնքի կտոր, որոնք փոփոխվում են, մեկ մանկական պայծառ աչքերի, հետո երազկոտ, հասուն՝ սպասումով լի, սիրված ու ինչ-որ մեկի անհաս երազը դարձած…….. Հիմա  սառը՝ խոր ձմեռվա սառույցի նման, որի համար երազանք կլիներ արևի մի ջերմ շողից հալվելն ու  հոսելը………երանելի հանգստության հասնելը:

Յուրօրինակ ու առեղծվածային արվեստի անավարտ մի գործ, որը գուցե ավարտին դառնա, ընդամենը ալկոհոլին ու ծխախոտին տրված արհեստավորի կիսաթրծած, անշուք, արհեստանոցի խոնավ մի անկյունում դրված մարմարե, փոշով ծածկված անշուք մի արձանի:

Ստվերն այնտեղ է, ուր ես. ես՝ ոչ որպես ֆիզիկական էություն, այնտեղ, որտեղ մտքերս են, հույզերս, հոգիս ու հավատս: Այն ամենուր է իմ առջև՝ գիշերային տեսիլքի նման, այն չի ենթարկվում ժամանակի ու տարածության սահմանած կանոններին. հայելիները հետևումս են, կամովին երբեք չեմ շրջվի հետ………………..

 

                                                                                Հեղինակ` Ռիմա Մարգարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել