Օրվա խորհուրդը: /26.03.2012/
Մեծ պահքի 36-րդ օր /Դան. 7.2-27, Ա Կոր. 12.1-7/
Բարեկամներ, մինչ մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին, հաստատված սուրբգրային ընթերցումները մեզանում առատացնում են նախանձախնդրությունը մեր հավատի հանդեպ, զգուշավորությունը մեր կենսակերպի ճշմարիտ կազմակերպման հարցում և ժրաջանությունը մեզ վստահված տնտեսության արդար կառավարման գործում: Այսօրվա առաքելական թուղթը մեզ հրավիրում է մտորելու մեզ տրվող հոգևոր շնորհների մասին: Ինչ է շնորհը: Հոգևոր շնորհը մարդկային այն կարողությունն է, որ տրվել է նրան Աստծո կողմից Սուրբ Հոգով: Մենք` քրիստոնյաներս, կազմում ենք Քրիստոսի մարմինը, որի միջոցով նաև Աստված գործում է: Եվ մենք որպես այդ մարմնի անդամներ օժտվում ենք Աստծու կողմից տարբեր շնորհներով: Սակայն ճանաչելով մարդկային մեր բնությունը և հակումը մեզ վեր դասելու մեր կողքիններից, պարծենալու մեր շնորհներով ու կարողություններով` Աստված առաքյալի շուրթերով ամենքիս խաղաղեցնում է` հուշելով, որ բոլորս, ովքեր Քրիստոսին Տեր են դավանում, Իր համար կարևոր ենք և բոլորիս շնորհները մաս են կազմում ընդհանուր մի առաքելության: <<Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է: Թեև կան զանազան պաշտոններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: Թեև կան գործելու զանազան կարողություններ, բայց նույնն է Աստված, որ գործում է ամեն բան ամենքի մեջ>>: Սա կարծում եմ շատ էական է մեզ համար, երբ հանրային կյանքում անխտիր գրեթե բոլորս խորհում ենք, որ վերադասի կամ որևէ արտոնյալի փոխարեն մենք, անշուշտ, ավելին և ավելի լավ կերպով կկատարեինք: Սակայն առաքյալը մեզ հիշեցնում է, որ հոգևոր մեր կյանքում, քրիստոնեական մեր ապրումի մեջ մենք մի ենք նպատակով և միևնույն Տիրոջն ենք ծառայում: Շարունակության մեջ մի հետաքրքրական առանձնահատկություն է շեշտվում, ինչը, կարծում եմ, նաև վերն ասվածի լույսի ներքո մեզ տալիս է բանալին` մեր խաղաղությունն ու երջանկությունը փնտրելու: <<Բայց յուրաքանչյուրին տրված է Հոգու հայտնություն` յուրաքանչյուրի օգուտի համար>>: Հիրավի, մեզ շնորհները տրվում են նախ և առաջ մեր օգուտի համար, տրվում են տեսակ-տեսակ և այն չափով, որ կարողանանք դրանք խոհեմությամբ գործածել և կրառության անգիտությամբ չմոլորվել:
Ուստի, իբրև քրիստոնյաներ քննենք մեր անձերը, գիտակցենք մեր առաքելությունը իբրև Քրստոսի մարմնի` Եկեղեցու մի մասնիկ, տեսնենք Աստծո շնորհով տրված մեզ պարգևները և ծառայեցնենք դրանք Աստծու փառքի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=325770787486207&id=100001598644661
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել