Հարգելով կամերային նվագախմբի և Վահան Մարտիրոսյանի աշխատանքը՝ այնուամենայնիվ, տարակուսանքս եմ հայտնում, թե այդպիսի կրթված, բարձրարժեք ու «լավատես» մարդը ինչպես կարող է կույրերին, խուլերին կամ համրերին անլուրջ համարել՝ անկախ Բոչելլիի մասին նրա կարծիքից: Հետաքրքիր է՝ նա քանի անգամ է կյանքում հմայվել կույր Բախի կամ խուլ Բեթհովենի գլուխգործոցներով:
Իմ և բոլոր իր նշած խմբերին պատկանողների անունից պահանջում եմ պարոն Մարտիրոսյանից հրապարակային ներողություն խնդրել իր՝ խորհրդային սահմանափակ մտածողությամբ արտահայտությունների համար:
***
«Կարելի է լուրջ երաժիշտների հրավիրել, ոչ թե կույր, խուլ ու համր»
Վահան Մարտիրոսյանը՝ կամերային նվագախմբի, Մոնդելչիի եւ Բոլելիի մասին Հայաստանի պետական նվագախմբի համար համերգաշրջանը հոբելյանական է՝ 50-րդը: Արդեն մի մեծ գալահամերգ ունեցել են դեկտեմբերին, որին հրավիրված էր նաեւ լեգենդար ակորդեոնահար Ռիշար Գալիանոն: «Մեր բոլոր համերգներն անցնելու են հոբելյանի աստղի ներքո, ու փորձելու ենք ամեն անգամ հրավիրել որեւէ մեծանուն երաժշտի: Հաջորդը կլինի հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որն արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում, բայց միասին առաջին անգամ ենք աշխատելու: Եվ ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է մարտի 30-ին կայանալիք համերգի ծրագրին, դիրիժորի խոսքով. «Ծրագիրը հետաքրքիր համադրություն է՝ դասականի, ջազի եւ տանգոյի: Կամերային նվագախումբը դասական նվագախումբ է, բայց մենք սիրով տանգո եւ ջազ էլ կկատարենք: Մոնդելչին առաջարկել է մի ծրագիր, որտեղ ինքը սկսում է դասական երաժշտությամբ՝ Գլազունովի Սաքսոֆոնի կոնցերտով, հետո շարունակում է կինոյի երաժշտությամբ եւ վերջացնում է տանգոյով: Նվագախումբը կկատարի Գլազունովի կոնցերտը, որից հետո Դվորժակի «Սլավոնական պարերը», ապա Գերշվին, կինոյի երաժշտություն, ամերիկյան ջազային որոշ ստեղծագործություններ: Համերգը տանգոյով կվերջացնենք»: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Մոնդելչին հայ ունկնդրին անակնկալ ունի՝ կներկայացնի հայկական երաժշտության իր մշակումը: Կամերայինի մի համերգ էլ մարտի կեսին Զավեն Վարդանյանը կղեկավարի: Նագախումբը մասնակցում է նաեւ «Ազգային պատկերասրահ» փառատոնին: Հետաքրքրվեցինք՝ Երիտասարդական նվագախմբի օրինակով, ցանկություն չունե՞ն առաջին տիկնոջ գործերից հնչեցնել: «Ինձ չեն առաջարկել ոչ մի առաջին տիկնոջ գործ, եւ հետո, եթե երաժշտությունը լավն է, կապ չունի, թե ով է գրել»,- պատասխանեց դիրիժորը: Վահան Մարտիրոսյանը հավելեց, որ չի եղել որեւէ համերգ, որի ընթացքում ազգային երաժշտություն չհնչեցնեն. «Մեր ժամանակակից կոմպոզիտորները կարիք ունեն, որ իրենց ստեղծագործությունները կատարեն: Տարվա սկզբից արդեն 10-ից ավելի պրեմիերա ենք արել: Նաեւ հրավիրյալ դիրիժորների առաջ է պայման դրվում, որ ոչ միայն իրենց ծրագրերն առաջարկեն, այլեւ հայ հեղինակի ստեղծագործություն կատարեն: Ես միշտ խնդրում եմ ժամանակակից հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորներին՝ ստեղծագործել մեր կոլեկտիվի համար, որովհետեւ ընդամենը մի 20 ժամ դասական երաժշտություն կա, այդ 20 ժամը ինչքա՞ն կարելի է կրկնել»: Իսկ ի՞նչն է ստեղծագործելիս խթանում իր ոգեւորությունը եւ ի՞նչը զայրացնում: «Շատ բան կարող է ինձ զայրացնել, զայրացնում է հատկապես ոչ պրոֆեսիոնալիզմը: Հասկանալի է, որ Հայաստանում ստեղծագործող երաժիշտը տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրներ ունի, բայց մի՞թե դա կապ ունի լավ նվագելու հետ: Դա նույնն է, որ ֆուտբոլի մասին ասում են՝ մերոնք լավ չեն խաղում, որովհետեւ քիչ են վաստակում: Իսկ ի՞նչ փող է պետք գնդակի հետեւից ավելի արագ վազելու համար, դա փողի հետ կապ ունի՞»,- տարակուսում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում է, որ Հայաստանի պետական կամերային նվագախումբը բարձրակարգ նվագախումբ է եւ ոչնչով չի զիջում «կուշտ» երկրների նմանօրինակ նվագախմբերին. «Այլ հարց է, որ պիտի միջոցներ գտնել, որպեսզի լավագույն երաժիշտները չհեռանան Հայաստանից, իսկ կոնսերվատորիայում ուսանել ցանկացողները հավատան, որ երաժիշտ դառնալով լավ են ապրելու: Էլի շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին, որ մեկ տարի է՝ մեր նվագախումբը փրկել է կործանումից՝ ավելացնելով ֆինանսական հնարավորությունները: Մեր ցանկությունն է, դրանք ավելի մեծանան, որպեսզի կարողանան ավելի հաճախ լավ երաժիշտներ հրավիրել: Նման հրավերները հայ ունկնդրին 10 անգամ ավելի օգուտ կբերեն, քան Բոչելիին հրավիրելը, որի վրա մեկ միլիոն ծախսեցին: Լուրջ մարդիկ կարող էին գալ, ոչ թե կույր, խուլ եւ համր»: Վահան Մարտիրոսյանին հարցրինք՝ առաջիկայում նախատեսվա՞ծ է համերգ՝ կամերային երգչախմբի ընկերակցությամբ: Նա ասաց, որ մտերիմ է Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի եւ ընդհանրապես երաժշտական կոլեկտիվների ղեկավարների հետ, ու սիրով համատեղ ծրագրեր կանի: Նրա խոսքով, որքան երաժիշտները միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան, այնքան ունկնդիրը կշահի: Իսկ լավատե՞ս մարդ է, արդյոք: «Ես լավատես եմ, անհնարին կլիներ առաջ գնալ, եթե մտածեի, թե դիմացս փոս է: Ոչ ոք չգիտի՝ վաղը ինչ կլինի, գուցե դիմացիս դուռը բացեմ, մեկը Պարույր Հայրիկյանի նման վրաս կրակի… Բայց քանի որ լավատես եմ, մտածում եմ, որ դռնից այն կողմ արեւ է, ոչ թե քիլլեր… Ու երբ ամեն անգամ կանգնում եմ նվագախմբի դիմաց, մտածում եմ, որ հիմա ձեռքս կբարձրացնեմ ու կհնչի աշխարհի ամենալավ նվագախմբի լավ նվագած երաժշտությունը»,- պատասխանեց դիրիժորը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» օրաթերթ
Նյութի աղբյուրը` այստեղ