Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը հայտարարեց, որ Ուկրաինայի տարածքը շրջանցող երկաթուղին շահագործման կհանձնվի ծրագրված ժամկետից մեկ տարի շուտ՝ 2017 թվականի օգոստոսի 15-ին.
«Ժուրավկա-Միլերովո հատվածում երկաթուղային հաղորդակցությունը կբացվի 2017 թվականի օգոստոսի 15-ին։ Այդ օրը էլեկտրաֆիկացված երկգիծ երկաթուղային ճյուղով կանցնեն մարդկանցով ու բեռներով լի առաջին գնացքները»։
Բուլգակովը Վորոնեժի մարզում հետևել է երկաթուղու կառուցման աշխատանքներին։ Ներկա դրությամբ Ռուսաստանի Կենտրոնական դաշնային օկրուգն ու Ռոստովի մարզը միմյանց կապող մոտ 26 կիլոմետրանոց երկաթուղին անցնում է Ուկրաինայի տարածքով (Լուգանսկի մարզ)՝ գործնականում Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով։
Արդյունքում մի շարք շրջաններից Կրասնոդար ու Դոնի Ռոստով շարժվող գնացքները հարկադրված են լինում երկու անգամ հատել սահմանը։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ 120 կիլոմետր երկարությամբ շրջանցիկ երկաթուղու կառուցման մասին հրամանը ստորագրել է 2015 թվականի սեպտեմբերին։