Aysor.am-ը գրում է.
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այժմ չի ցանկանում խոսել 2020 թվականի նախագահի ընտրություններում իր մասնակցության մասին, թեև օրենսդրությունը նրան թույլ է տալիս առաջադրվել նոր ժամկետով: Ինչպես հայտնում է ТАСС-ը, համապատասխան դիրքորոշման մասին նա ասել Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որից քաղվածքներ է տարածել պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Եթե խոսելու լինենք մեր օրենքների ու Սահմանադրության մասին, ապա դրանք ինձ թույլ են տալիս այսուհետև էլ առաջադրել իմ թեկնածությունը», - ասել է Նազարբաևը:
«Բայց ինչ կլինի 2020 թվականին, ես ձեզ չեմ ասի, որովհետև դա կախված է բազմաթիվ գործոններից», - նշել է նա:
Դրա հետ մեկտեղ, նախագահի կարծիքով, պետական գործչի աշխատանքում կարևորը ոչ թե նրա աշխատանքի տևականությունն է, այլ արդյունավետությունը:
«Քո գործունեությամբ օգուտ ես բերում քո ժողովրդին ու երկրին կամ չես բերում. կարծում եմ՝ սա է ամբողջ հարցը», - պարզաբանել է նա:
Բացի այդ, Նազարբաևը ժխտել է իշխանությունը ժառանգաբար երեխաներին փոխանցելու հնարավորությունը:
«Կարծում եմ՝ դա մեզ համար չէ», - հավելել է նա: