Tert.am-ը գրում է.
Թուրք սյունակագիր Սերդար Քորուջուն gazeteduvar.com.tr կայքում հրապարակված իր նոր հոդվածում անդրադարձել է վերջին շրջանում տարբեր թուրք պաշտոնյաների կողմից հաճախակի կրկնվող թուրքական քարոզչական մի թեզի, ըստ որի, թուրք վերնախավը հաճախ փորձում է երկրում առկա քրդական հարցը բարդել համայն աշխարհի հայության վրա:
Ինչպես գրում է Քորուջուն, դեռևս 1980-ական թթ.-ին մեծ տարածում գտած «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» հայկական նախագիծ է»,«Այս երկրում չկա քրդական հարց, կա միայն հայկական հարց» շարքի թեզերը Թուրքիայում սկսեցին ավելի հաճախ վերհիշել վերջին շրջանում, երբ Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում նոր թափով վերսկսվեցին թուրք-քրդական բախումները:
Ստամբուլում նոյեմբերի 18-21-ը անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի քննարկումների ժամանակ ՔԱԿ-ի ներսում իբրև թե հայ գրոհայինների առկայության մասին մեղադրանք հնչեցվեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով:
Վեհաժողովի քննարկումների ժամանակ հայկական պատվիրակության նախագահ Կորյուն Նահապետյանի հարցին պատասխանող Չավուշօղլուն հայտարարեց. «Մեր կողմից ձերբակալված ՔԱԿ գրոհայինների շարքում հայեր էլ կան»:
Թուրքիայում բավականին լայն տարածքում ստացած այս քարոզչական թեզի մասին խոսելիս թուրք սյունակագիրը հիշեցնում է դեռևս տարիներ առաջ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կողմից՝ թեմայի վերաբերյալ տրված պատասխանը:
«Մինչև այսօր ձերբակալված ՔԱԿ զինյալների շրջանում ոչ մի հայ չկա: Եթե այդպես լիներ՝ օրվա մեջ 10 անգամ հեռուստացույցով ցույց կտային: Թող ապացույցներ ներկայացնեն՝ մենք էլ հավատանք»:



