Ֆրանսիայի ազգային ասամբլեայի բյուրոն չի ընդունել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին իմփիչմենթ հայտարարելու վերաբերյալ բանաձևի նախագիծը, հաղորդում է BFM TV-ն։
Բյուրոյում խոստովանել են, որ նախաձեռնությունը հաջողության որևէ հնարավորություն չունի, քանի որ պահանջում է խորհրդարանի մեծամասնության հավանությունը։ Խորհրդարանական աղբյուրների տվյալներով՝ նախաձեռնությանը դեմ է արտահայտվել 13 պատգամավոր, կողմ՝ 8-ը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ նախագծի հեղինակները «Հանրապետականներն» են, որը ստորագրել է 79 պատգամավոր։
Փաստաթղթում նշվում է, որ նախագծի ստեղծման համար հիմք է ծառայել այն փաստը, որ Օլանդը խախտել է պետական գաղտնիքը պահելու լիազորություները։ Մասնավորպես, խոսքը «Նախագահը չպետք է նման բան ասի․․․» գրքում նրա հայտարարությունների մասին է։ Գրքում հրապարակված է 61 հարցազրույց Ֆրանսիայի ղեկավարի հետ։



