
ՀԱՐՑ
Հարցը Բլոգ Նյուզի խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողներից մեկը.
«Բարև Ձեզ: Ամուսնուս հետ գտնվում ենք ապահարզանի գործընթացի մեջ: Դատարանը երեխաների հարցով որոշում դեռ չի կայացրել, թե ում մոտ են մնալու, և մյուս ծնողը ինչքան հաճախականությամբ կարող է տեսակցել նրանց: Բայց Ամանորին ուզում եմ երեխաներիս հետ երկրից դուրս գնալ: Առանց ամուսնուս թույլատվության չե՞մ կարող գնալ: Եվ հետագայի համար էլ կցանկանայի իմանալ կարգը, ամեն անգամ պետք է թուղթ վերցնե՞մ իրենից»:
ՊԱՏԱՍԽԱՆ
Հարցին պատասխանում է փաստաբան Լիանա Բալյանը
«ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49 հոդվածի համաձայն՝ ծնողներն ունեն հավասար իրավունքներ եւ կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ)։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54 հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին։ Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը: ՀՀ ոստիկանության պետի «Անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները հաստատելու մասին» 15.08.2008 թ․ թիվ 12-Ն հրամանի 13-րդ կետի համաձայն՝ առանց երկու ծնողների համաձայնության երեխայի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու իրավունքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից: Այսինքն՝ երեխային Հայաստանի տարածքից դուրս տանելու համար անհրաժեշտ է անձնագիր՝ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշումով։ Հայաստանի սահմանային կետերն անխափան անցնելու համար անհրաժեշտ է երկու ծնողների համաձայնությունը։ Եթե միաժամանակ առկա չէ երկու ծնողների համաձայնությունը, ապա սահմանային մարմինը կարող է սահմանափակել երեխայի՝ Հայաստանի տարածքից դուրս գալու իրավունքը և թույլ չտալ երեխային դուրս բերել Հայաստանից, բայց կարող է և չսահմանափակել ու արգելք չհանդիսանալ: Օրինակ՝ բազմաթիվ են դեպքերը, որ Հայաստանից ԱՊՀ երկրներ գնալիս սահմանային մարմինները խոչընդոտ չեն ստեղծում՝ կապված երեխայի տեղաշարժման հետ, ինչը չի կարելի ասել Հայաստանից եվրոպական երկրներ և ԱՄՆ գնալու ժամանակ: Երեխայի ազատ տեղաշարժվելու հարցում խնդիրներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս նոտարական կարգով վավերացված համաձայնություն վերցնել այն ծնողից, ով երեխայի հետ չի մեկնում Հայաստանի Հանրապետությունից դուրս և իր համաձայնությունը չի տվել երեխային անձնագիր տալու համար դիմում ներկայացնելիս։ Եթե մյուս ծնողը չի տալիս իր համաձայնությունը երեխային Հայաստանի տարածքից դուրս տանելու համար, ապա այդ հարցը ենթակա է լուծման դատական կարգով»:
Ձեր հարցերն իրավաբաններին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին գրելով: