Ներդրումային դաշտը խթանելու համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել հարկային դաշտին: Այդ նպատակով պետության կողմից տրամադրվող հարկային արտոնությունները երբեմն չեն բավարարում, և առաջանում է անհրաժեշտություն մշակել նոր մեխանիզմներ կամ նվազեցնել հարկային բեռը բոլոր տնտեսվարողների համար:
Կարևորագույն քայլերից մեկը կարելի է առանձնացնել հսկիչ գների աստիճանական վերացման պրոցեսը: Այս պահին սահմանվել են այն երկրների ցանկը, որտեղից ներմուծման դեպքում է միայն կիրառվելու հսկիչ գներ: Ինչպես պարզ է դառնում ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներից, ներմուծումը նախորդ ամիս ակտիվացել է՝ գրանցելով 4,8% աճ:
Իհարկե, տեղին չի լինի ընդանուր աճը վերագրել միայն հսկիչ գների վերանայմանը, քանի որ վերը նշված ցուցանիշի ձևավորման վրա ազդել են մի շարք այլ գործոններ, սակայն փաստը մնում է փաստ, որ տնտեսվարողների մոտ տևական ժամանակ դժգոհություն էր առաջացնում այդ ամենը: Նախկինում բարդ ընթացակարգերից խուսափելու համար շատերը իրենց ապրանքները մաքսազերծում էին ԵՏՄ անդամ այլ երկրներում: Հսկիչ գների քաղաքականության վերանայումից հետո, փաստորեն, մաքսազերծման գործընթացն իրականացնում են Հայաստանում: