Aysor.am-ը գրում է.
«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը համակարգային է, որն ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, ծրագրի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այն ունի հստակ տեսլական՝ զինված ուժերի կարիքների խորքային գնահատման հիման վրա զարգացնել կարողություններ, որոնք կնպաստեն ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, իրավունքներ՝ խախտումների կանխարգելմանը, դրանց ընթացիկ պաշտպանությանը», - ասաց Վ. Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի կարևորությունն էլ ավելի է ընդգծվում այն հանգամանքով, որ շահառու են հանդիսանում նաև ավանդաբար բացասականորեն թիրախավորված ուժային կառույցները, ինչը հաճախ շատ անհիմն է կատարվում:
«Ձևավորված այդ կարծրատիպային մտածելակերպը կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե ներդրվեն համապատասխան ընթացակարգեր և լինեն այն հնարավորությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուրի իրավունքների լիարժեք ապահովումը, պաշտպանությունը», - ասաց նա:
Պաշտպանության նախարարը շեշտեց՝ հատկապես զինված ուժերում դա չափազանց կարևոր է, որովհետև գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ, ինչպես հայտնի է, մարդու իրավունքների հետ կապված հարցերը կարող են ստանալ շատ ավելի սուր բնույթ:
«Մենք կարիք ունենք մեթոդական աշխատանքով, բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ ակտիվ փոխգործակցության ճանապարհով ձևավորել մի միջավայր, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ, զորակոչվելով ժամկետային զինվորական ծառայության կամ անցնելով ծառայության զինված ուժերում, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները, ինչպես դրանք ամրագրված են միջազգային և ազգային կարևորագույն փաստաթղթերում»,- ընդգծեց նախարարը:



