Շվեյցարական կործանիչների կողմից ռուսական պատվիրակության՝ Պերու մեկնող ինքնաթիռին ուղեկցելն առօրյա գործընթաց է եղել՝ կապված ռազմաօդային ուժերի՝ Շվեյցարիայի օդային տիրույթում վերահսկողության գործողության իրականացման հետ: Շվեյցարիայի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Ռայսթն այսպես է մեկնաբանել նոյեմբերի 18-ին ռուսական պատվիրակության՝ Պերու մեկնող ինքնաթիռին Շվեյցարիայի դրոշով կործանիչների վտանգավոր հեռավորության վրա մոտենալը: Այս մասին նա ասել է Շվեյցարիայի հեռագրական գործակալությանը:
«Հաճախ է պատահում, որ F/A -18-երը երկնքում վերահսկողության մեր աշխատանքի շրջանակներում ուղեկցում են կառավարական ինքնաթիռներին Շվեյցարիայի օդային տիրույթում դրանց գտնվելու ընթացքում»,- հայտարարել է նա: Ռայսթի խոսքով՝ այդպիսի վերահսկողություն հաճախ է իրականացվում՝ անկախ նրանից, թե որ երկրին է պատկանում ինքնաթիռը: Վերահսկողության ենթարկվում են, մասնավորապես, ինքնաթիռները, որոնց թռիչքների մասին պաշտոնական ծանուցում է ստացվել, դա անհրաժեշտ է՝ պարզելու համար՝ արդյոք հաշվառման համարները համապատասխանում են հայտարարվածներին, նշել է Ռայսթը:
Միևնույն ժամանակ, Շվեյցարիայում ՌԴ դեսպանատունը Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից դեռ պատասխան չի ստացել ուղարկված նոտային, որում Մոսկվան բացատրություն է պահանջում այն բանից հետո, երբ Շվեյցարիայի դրոշով կործանիչները վտանգավոր հեռավորության վրա մոտեցել են ռուսական պատվիրակության՝ Պերու մեկնող ինքնաթիռին:



