2012թ.-ի արդյունքներով Յունիբանկի ակտիվները գերազանցել են 138,9 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ ավելանալով 21,3%-ով: Վարկային ներդրումների ծավալը հաշվետու տարում կազմել է 97,1 մլրդ դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` 14,3%:
Այսօր Յունիբանկն ակտիվորեն և արդյունավետ զարգացնում է մանրածախ բիզնեսը և փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորման ոլորտները: Սպառողական վարկերի և ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի բաժինը վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 66%: Նախորդ տարի բանկի կողմից սպառողական նպատակների համար տրամադրված վարկերի քանակն աճել է երկու անգամ և գերազանցել 35,3 մլրդ դրամը:
«ԱրմԻնֆո» գործակալության` ՀՀ բանկերի վերլուծության և ֆինանսական ռեյթինգի տվյալների համաձայն՝ Յունիբանկը սպառողական վարկերի ծավալով ՀՀ բանկերի առաջատար հնգյակում է:
Յունիբանկի լայն մասնաճյուղային ցանցը` 43 սպասարկման ստորաբաժանում, վարկային գործիքների վաճառքի ավտոմատացված համակարգը և ռիսկերի գնահատման նոր մոդելը, ստեղծում են բոլոր նախապայմանները` գործունեության մանրածախ ուղղության արդյունավետ զարգացման համար: Վարկերի տրամադրման մատչելի պայմանների և հարմարավետ սպասարկման շնորհիվ բանկը եկամուտների գծով ՀՀ բանկային համակարգում ապահովել է ամենամեծ աճը` 86%: Յունիբանկի եկամուտները 2012թ. վերջին կազմել են 35,9 մլրդ դրամ:
2012թ.-ի տվյալներով՝ Յունիբանկը ՀՀ պետական բյուջե է վճարել ավելի քան 1,4 մլրդ դրամ հարկեր` 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 62-րդ տեղը: Բանկի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 2 մլրդ դրամ: