Առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական տարբեր ուժեր չեն բացառում դաշինքներով ընտրություններին մասնակցությունը, և չի բացառվում, որ ավելի շատ դաշինքներով, քան առանձին կուսակցություններով մասնակցեն։
Անդրադառնալով խնդրին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատեց․ «Կարծում եմ՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ՀՀԿ-ի ցուցակով, այլ խնդիր է՝ ովքեր կլինեն այդ ցուցակում, այնպես, ինչպես հինգ տարի առաջ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ ընդգրկվեցին ցուցակում, բայց դա ՀՀԿ-ի ցուցակն էր»: Ըստ նրա՝ Դաշնակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին, իսկ ընդդիմությունը չունի այլ շանս, քան դաշինքով մասնակցություն ունենալու:
«Մենք խոսում ենք այս պահի դրությամբ, իսկ ինչ կլինի վեց ամիս հետո, ժամանակը ցույց կտա: Այս պահի դրությամբ մեկ քաղաքական ուժով մասնակցելը ընտրություններին դժվար է՝ հաշվի առնելով այն, որ ամբողջ քաղաքական դաշտը մեղմ ասած, լավ վիճակում չէ»,- հավելեց քաղտեխնոլոգը:
Դիտարկմանը՝ ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին Գյումրիում դաշինքով մասնակցեց՝ Կարեն Քոչարյանը նկատեց. «Գյումրիում ՀՀԿ-ն ավելի շատ Բալասանյանի համար այդպես արեց, քան իր համար, քանի որ Բալասանյանը ՀՀԿ-ական չէ: Հիմա խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն պետք է փորձի գոնե այն, ինչ բրենդ է իշխանության համար, մաքրել, իմիջափոխ լինել, ինչը առայժմ արվում է կառավարության մակարդակով, հետագայում կփորձեն անել նաև օրենսդիր մակադրակով: Իսկ մինչ այդ կփորձեն անել զուտ կուսակցության մասով, այսինքն՝ սկսած նոյեմբերի 26-ին իրենց համագումարից, իսկ ավելի ուշ՝ ընտրություններին օրենսդիրի մակարդակով, այսինքն՝ պետք է փորձեն բերել սպիտակ մարդկանց»:
Արդյոք առանձին ընտրություններին մասնակցության դեպքում քաղաքական ուժերը դատապարտված են ձախողմա՞ն, քաղտեխնոլոգը նշեց. «Ես չէի ասի դատապարտված են, որովհետև առաջին՝ այդ դեպքում ամբողջ աշխարհում բոլոր կուսակցությունները դատապարտված են չունենալ հիսուն տոկոս ձայն, քանի որ էդպիսի բան աշխարհում չկա, և շատ քիչ դեպքերում է դա լինում, այդ դեպքում դատապարտված են բոլորը, և երկրորդ՝ այս պահի դրությամբ չկա այն կուսակցությունը, որը կարողանա հաղթահարել և ունենալ բացարձակ մեծամասնություն, այդ թվում և իշխող ՀՀԿ-ն»:
Հնարավո՞ր է Հայաստանում ընտրություններն անկանխատեսելի արդյունք ունենան, ինչպես ԱՄՆ-ում, երբ բոլոր հարցումները և վերլուծությունները այլ բան էին ցույց տալիս, արդյունքը բոլորովին այլ եղավ, Կարեն Քոչարյանը նշեց. «Բրեքսիթից սկսած շատ բան է փոխվում աշխարհում, տեսականորեն այսօր աշխարհում ամեն ինչ հնարավոր է յուրաքանչյուր տեղ՝ բացառությամբ Հյուսիսային Կորեայի, որը բացարձակ կապ չունի աշխարհի հետ»:



