Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ծավալել առևտրային կամ ոչ առևտրային գործունեություն, պետք է նախ և առաջ կատարի օրենսդրությամբ ամրագրված պարտավորությունները, այն է՝ 1. կնքել իրավաբանական անձի հիմնադրման գործունեության կարգը որոշող պայմանագիր, 2. գործունեության բնույթով պայմանավորված գրել կանոնադրություն, 3. օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան պետական գրանցման ենթարկել իրավաբանական անձը:
Այս բոլոր պարտավորությունները կատարելիս քաղաքացին առնվազն մի քանի անգամ ներկայանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, ճշտում է, թե ինչ պետք է ներկայացվի, ինչքան ժամանակ ունեն և այլն:
Վստահությամբ կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք, ով անցել է իրավաբանական անձի պետական գրանցման ընթացակարգը, ցանկանում է, որ իրավաբանական անձանց գրանցումն իրականացվի ավելի արագ և օպտիմալ՝ էլեկտրոնային եղանակով:
Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը անդրադարձ է կատարել տվյալ խնդրին և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարական է տվել 3-շաբաթյա ժամկետում օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել, ըստ որի՝ իրավաբանական անձանց լիցենզիանզիաները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով իրավաբանական անձանց լիցենզիաների տրամադրումը մեծ տարածում ունի զարգացած երկրներում, ինչպիսիք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Գերմանիան, Ֆրանսիան և այլն:
Էլեկտրոնային եղանակով լիցենզավորման համակարգը ներդնելով՝ քաղաքացիները ավելորդ քաշքշուկի մեջ չեն ընկնի, նրանք նախօրոք կիմանան՝ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, կլինի պատասխանի հստակ ժամանակցույց, իսկ սխալ անելու դեպքում քաղաքացիները դրա մասին կտեղեկանան էլեկտրոնային եղանակով և տեղում կշտկեն կատարած սխալները:
Էլեկտրոնային եղանակը ապահովում է՝
1. ինչպես պետական համակարգի /պետական ռեգիստրի/, այնպես էլ դիմումատուների ժամանակի խնայում,
2. շուրջօրյա ապահով վճարման համակարգ,
3. կենտրոնացված տվյալների բազայի ստեղծում,
4. բարելավված դիմումատուների օգնության/աջակցման համակարգ (հետադարձ կապ)
5. իրավաբանական անձի գրանցման ընթացքին հետևելու կատարելագործված համակարգ,
Իրավաբանական անձանց լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային եղանականի ներմուծումը իր բազմաթիվ առավելություններից զատ ունի հիմնական 2 նպատակ՝ կրճատել կոռուպցիոն ռիսկերը և ստեղծել արդյունավետ աշխատանքի բարենպաստ պայմաններ: