Կառավարությունը հավանություն տվեց գալիք տարվա ԼՂՀ Պետական բյուջեի նախագծին. այն աճել է և կկազմի 95 մլրդ 299 մլն դրամ
Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Կառավարության անդամները հավանության են արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության՝ 2017 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 89 մլրդ 789 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի)՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը:
Բյուջետային ծախսերը 2016 թվականի 87 մլրդ 928 մլն դրամի փոխարեն կաճի և գալիք տարում կկազմի ավելի քան 95 մլրդ 299 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ պակասուրդը կկազմի 5 մլրդ 509 մլն դրամ: Պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև Արցախի Հանրապետության համայնքների՝ 2017 թվականի բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն 3 մլրդ 937 մլն դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով ևս՝ 3 մլրդ 937 մլն դրամ: Ըստ նախագծի՝ 2017թ.-ին կանխատեսվում է ավելի քան 254 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, որը կգերազանցի ընթացիկ տարվա ՀՆԱ-ն շուրջ 8 տոկոսով:
Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ըստ ոլորտների, ներկայացրել է որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ: Ֆինանսների նախարարը նշել է, որ բյուջեի ծախսային մասի զգալի աճն ուղղվելու է, մասնավորապես, որոշ ոլորտների հատկացումների ավելացմանը և նոր ծրագրերի իրագործմանը:
Անդրադառնալով քննարկվող գլխավոր ֆինանսական փաստաթղթին՝ բյուջե-2017թ.-ին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նախագահի նախընտրական և կառավարության ծրագրերով ձևավորվող վերջին փաստաթուղթն է, որով հիմնականում իրագործվում են նախագահի նախընտրական ծրագրով վերջին տարիների ընթացքում գործադիր իշխանության առջև դրված առաջադրանքները:
«Հաշվի առնելով վերջին ամիսների ներդրումային ծրագրերը և առկա միտումները՝ ընթացիկ տարին կավարտենք ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոս աճով՝ այն էլ համեստ հաշվարկներով: Տնտեսական զարգացման նույն տեմպը շարունակելու ենք հաջորդ տարի, մանավանդ որ որոշ ուղղություններում խոշոր ծրագրեր ենք իրականացնելու: Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին, ապա ըստ մեր կանխատեսումների՝ այդ ծրագրերի շնորհիվ ունենալու ենք սեփական եկամուտների շուրջ 17 տոկոս աճ՝ 2016թ.-ի համեմատ, ինչը հնարավորություն է տալու մեզ ավելացնել բյուջեի նաև ծախսային մասը»,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Հարությունյանը շեշտադրել է, որ պահպանվելու են սոցիալական բոլոր ծրագրերն ու դրանց ծավալները: Նա հակիրճ անդրադարձել է նաև նոր ծրագրերին՝ հատկանշելով, որ մոտ 200 մլն դրամ գումար է նախատեսվում պատերազմի առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների ընտանիքների կոմունալ որոշ վճարների փոխհատուցման համար: