Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճկուն քաղաքականությունը զգալի ազդեցություն ունի տնտեսական աճի և ակտիվության ձևավորման վրա:
Տնտեսական իրավիճակից ելնելով՝ իրականացվող փոփոխությունների թիրախում բանկերն են և տնտեսվարողները: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը երբեմն նպաստում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկսադրույքի իջեցմանը:
Այնուամենայնիվ, եթե խոսենք Հայաստանում գործող բանկային համակարգի մասին, ապա պետք է արձանագրենք, որ դաշտի մասնակիցները խաղում են շատ զգույշ: Խնդիրն այն է, որ տնտեսվարողներին տրամադրվող տոկոսադրույքները բավականին բարձր են և տնտեսվարող սուբյեկտների համար երբեմն անհարմար: Այս տարվա նոյեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,5%: Մեկ տարվա կտրվածքով սա արդեն 10-րդ նվազեցումն էր, ինչը անդրադարձավ նաև բանկերի կողմից տրվող վարկերի վրա՝ նվազեցնելով առաջարկվող տոկոսադրույքները մոտ երկու տոկոսով:
Եթե ուսումնասիրենք հրապարակված ցուցանիշները, ապա կփաստենք, որ այս տարվա սեպտեմբերի դրությամբ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալները կազմել են 2 տրիլիոն 213 միլիարդ դրամ՝ 2015 թվականի հունվարի 2 տրիլիոն 134 միլիարդ փոխարեն: Անգամ նման պայմաններում անհրաժեշտ են նոր լուծումներ, քանի որ բանկերի կողմից առաջարկվող տոկոսադրույքը շարունակում է բարձր մնալ:
Խնդրի լուծման համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջարկել է կիրառել «օրինապահ հարկատու» հասկացությունը և արտոնյալ մոտեցում ցուցաբերել այդ կարգավիճակը ստացած գործարարների և ընկերությունների համար, որոնց ավելի ցածր տոկոսներով վարկեր և ֆինանսական միջոցներ կտրամադրվեն:
Իրականում սա ձեռնտու է թե՛ բանկերին և թե՛ տնտեսվարող սուբյեկտներին: Եթե գործարարները կկարողանան ստանալ իրենց անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների մատչելի պայմաններով, ապա առաջինի դեպքում կավելանա հաճախորդի հանդեպ վստահությունն ու վերադարձելիության երաշխիքները: