Tert.am-ը գրում է.
Ապօրինի հարստացման քրեականացումը չի կարող հետադարձ ուժ ունենալ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ «Ապօրինի հարստացումը քրեականացնելու» մասին օրենքի նախագծի մասին խոսելիս:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե չի՞ ընդունում քննադատությունը, համաձայն չի՞ նրանց հետ, ովքեր ասում են, որ արհեստական է նման օրենք ընդունել, որը չի գործելու ներկայիս ապօրինի հարստացվածների վրա, Արփինե Հովհաննիսյանը շեշտեց. «Եթե քննադատությունն ուղղված է առհասարակ գաղափարախոսությանը, ապա կարծիքները տարբեր կարող են լինել, իսկ եթե քննադատությունը օրինագծին է վերաբերում՝ համաձայնել չեմ կարող: Հետադարձ ուժի խնդիրը որևէ պարագայում քաղաքական իշխանության կամքի դրսևորում չէ: Հետադարձ ուժը բացառվում է. դա միջազգային իրավունքի սկզբունք է, որ եթե որևէ արարք որևէ պահի քրեականացնում ես, ապա դա հետադարձ ուժ ունենալ չի կարող»:
Նախարարն ասաց, որ եթե խոսվում է ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին, ապա դրվում է հետևյալ սկզբունքը՝ «հաստատված փաստի ուժող խոսում ենք բոլորի մասին, հավասար արշինով ենք չափում»:
Արփինե Հովհաննիսյանը նաև հակադարձեց. «Կա անմեղության կանխավարկած, որևէ փաստ չկա, որևէ ապացույց չկա իրավական տեսանկյունից, բայց մենք անընդհատ բարձրացնում ենք, որ կան ապօրինի հարստացվածներ, որոնց վրա հանկարծ այս օրենքը չի տարածվելու: Ի՞նչ եք առաջարկում՝ չքրեականացնե՞նք, արդյո՞ք ձեզ մոտ կա համոզմունք, որ այս պահից ապօրինի հարստացման գայթակղություն, վտանգ չի լինելու: Եթե այս համոզման եք, ապա եկեք չքրեականացնենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



