George Orwell at typewriter - Orwell Prize website

    Երբ աշխատում էի բուկինիստական գրախանութում (երբ չես աշխատում այնտեղ, կողքից այն թվում է դրախտի պես մի բան, որտեղ հմայիչ ծեր տղամարդը մշտապես հին կաշեկազմ գրքեր է թերթում) ինձ հիմնականում ապշեցնում էր իրական գրասերների հազվադեպությունը: Մեր գրախանութը բացառապես հետաքրքիր տեսականի ուներ, մինչդեռ կասկածում եմ, որ այցելուների տասը տոկոսը լավ գիրքը վատից տարբերել կարողանար: Գրքերի առաջին հրատարակությունների ետևից եկած ձևամոլներն ավելի շատ էին, քան գրականության սիրահարները, շատ էին արևելյան ուսանողները, որ սակարկում էին էժան դասագրքերը, իսկ ամենաշատը հաճախում էին անորոշ հայացքների տեր կանայք, որ ծննդյան նվերներ էին փնտրում իրենց զարմիկների համար:

    Մեր հաճախորդների մեծ մասն այնպիսի մարդիկ էին, որ այլ տեղերում համարվում էին ձանձրալի, սակայն գրախանութում նրանք ունեին հատուկ հնարավորություններ: Օրինակ` հաճելի տիկինը, որին գիրք է հարկավոր հաշմանդամի համար (ի դեպ, շատ տարածված պահանջարկ) կամ մեկ այլ հաճելի տիկին, որը 1897 թվականին այնպիսի մի հիանալի գիրք է կարդացել, և ցանկանում է իմանալ` արդյոք կարող ենք նրա համար գտնել այդ գիրքը: Դժբախտաբար նա չի հիշում ո՛չ վերնագիրը, ո՛չ հեղինակի անունը կամ թե ինչի մասին էր այդ գիրքը, միայն հիշում է, որ գիրքը կարմիր կազմ ուներ: Նշվածից բացի կա զահլա տանող մարդկանց երկու հայտնի տեսակ, որոնք այցելում են ցանկացած բուկինիստական գրախանութ: Մեկը` զառամյալ ծերուկ, որը բուրում էր հնացած պաքսիմատով, ամեն օր գալիս է, երբեմն օրվա մեջ մի քանի անգամ, և փորձում քեզ վաճառել անպետք գրքեր: Մյուսը պատվիրում է մեծ քանակությամբ գրքեր, որոնց վճարելու համար ոչ մի մտադրություն չունի: Մեր խանութում ոչինչ չէինք վաճառում ապառիկով, բայց գրքերը մի կողմի վրա էինք դնում կամ անհրաժեշտության դեպքում պատվիրում այն մարդկանց համար, որոնք պարտավորվում էին վերադարձնել դրանք: Սակայն գրքեր պատվիրած մարդկանց հազիվ կեսն էր հետ գալիս դրանց ետևից: Սկզբում դա ինձ շփոթեցնում էր: Ի՞նչն էր նրանց ստիպում այդպես վարվել: Նրանք գալիս էին, պատվիրում էին որոշ հազվագյուտ և թանկ գրքեր, ստիպում էին խոստանալ կրկին ու կրկին, որ կպահենք դրանք իրենց համար: Իսկ հետո անհետանում էին` երբեք չվերադառնալու մտադրությամբ: Նրանցից շատերը, իհարկե, ակնհայտ պարանոիկներ էին: Նրանք սեթևեթանքով էին խոսում իրենց մասին և պատմում ամենահնարամիտ պատմություններ` բացատրելու, թե ինչպես մնացին դրսում առանց փողի: Պատմություններ, որոնց մեծ մասամբ, համոզված եմ, իրենք էլ էին հավատում: Լոնդոնի նման քաղաքում մեծ թվով չհավատարմագրված խելագարներ են միշտ լինում, որոնք թափառում են փողոցում և սևեռված գնում են դեպի գրախանութները, որովհետև գրախանութը այն քիչ վայրերից է, որտեղ երկար ժամանակ կարող ես պարապ-սարապ թրև գալ առանց գումար ծախսելու: Ի վերջո սկսում ես այս մարդկանց ճանաչել առաջին իսկ հայացքից: Իրենց երկար զրույցում ինչ-որ ցեցոտած և աննպատակ մի բան կար: Շատ հաճախ, երբ ակնհայտ խելագար մեկի հետ էինք գործ ունենում, գրքերը, որոնք նա հարցնում էր, մի կողմ էինք դնում, իսկ երբ հեռանում էր, տեղավորում էինք դարակներում իրենց տեղը: Նկատել եմ` նրանցից ոչ մեկը չի փորձել տանել գրքերը առանց վճարելու դրանց համար: Միայն պատվիրելը բավական էր, որպեսզի իրենց վճարունակ երևակայեին: 

    Ինչպես բուկինիստական գրախանութների մեծ մասը, մենք նույնպես զանազան կողմնակի զբաղմունքներ ունեինք: Օգտագործված գրամեքենաներ էինք վաճառում կամ, օրինակ, դրոշմանիշեր, նկատի ունեմ` օգտագործված դրոշմանիշեր: Դրոշմանիշերի կոլեկցիոներները տարօրինակ էին, ամեն տարիքի լուռ, միայն արական սեռի ներկայացուցիչներ. ըստ երևույթին, կանանց չէր հաջողվում հատուկ հմայք գտնել ալբոմներում սոսնձված գունավոր թղթերի կտորների մեջ: Նաև վեցպեննիանոց հորոսկոպներ էինք վաճառում, որ կազմել էր ինչ-որ մեկը, ով պնդում էր, թե իրեն հաջողվել է կանխագուշակել Ճապոնիայի երկրաշարժը: Դրանք կնքված ծրարների մեջ էին լինում, և ինքս երբեք չէի բացում դրանք, բայց գնորդները հաճախ  էին ետ գա

headingeast.usedbookstore

լիս ու պատմում, թե որքան ճիշտ է իրենց հորոսկոպը եղել: (Անկասկած, ցանկացած հորոսկոպ «ճիշտ» է թվում, երբ քեզ պատմում է, թե որքան գրավիչ ես հակառակ սեռի համար, իսկ մեծագույն սխալդ առատաձեռնությունն է): Մանկական գրքերի վրա լավ բիզնես էինք անում, հատկապես հնացած գրքերի վրա: Ժամանակակից մանկական գրականությունը ահավոր բան է, հատկապես, երբ դրանք զանգվածների մեջ ես տեսնում: Անձամբ ես երեխային կտայի Պետրոնիոս Արբիտրա, քան Պիտեր Պեն, բայց անգամ Բարրին տղամարդկային է թվում և օգտակար իր հետագա ընդօրինակողների համեմատ: Ծննդյան տոներին տասը տենդային օրեր էինք ունենում` ջանք թափելով սուրբծննդյան բացիկների և օրացույցների վրա, որը, ճիշտ է, ձանձրալի գործ էր, բայց շատ եկամտաբեր էր տվյալ սեզոնի համար: Ինձ համար սա առիթ էր ծանոթանալու կոպիտ ցինիզմին, որով շահագործվում էին քրիստոնեական զգացմունքները: Սուրբ Ծննդյան բացիկներ արտադրող ընկերությունները մեզ դեռ հունիսին էին ուղարկում իրենց կատալոգները: Իմ հիշողության մեջ դեռ մեխված է նրանց ապրանքագիրներից մեկում արված մի արտահայտություն. «Երկու դյուժին մանուկ Հիսուս ճագարների հետ»:

    Բայց մեր հիմնական գործը գրականություն տրամադրելն էր. սովորական գրախանութ` ոչ մի կոպեկ կանխավճար, հինգ կամ վեց հարյուր հատորյակներից բաղկացած բացառապես գեղարվեստական գրականություն: Գրքի գողերը պետք է որ սիրեին նման գրախանութները: Աշխարհում ամենահեշտ հանցանքը մի գրախանութից էժան գնով գիրք «գողանալն» է, պիտակը ջնջելը և հետո այն մեկ այլ խանութում շիլլինգով վաճառելը: Այնուամենայնիվ, գրավաճառները ճիշտ համարեցին, որ իրենց վրա էժան կնստի քիչ քանակությամբ գիրք ունենալը (ամսվա ընթացքում մոտավորապես մեկ դյուժին գողանում էին մեր մոտից), քան կանխավճար պահանջելով հաճախորդներին վախեցնելը:

Շարունակությունն՝ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել