ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ
Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը.
- Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով՝ ձկները պատասխանում են.
- Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։


ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ

Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:
Ջայլամն ասաց.
- Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։
Կարծելով, թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։
Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել՝ չմտածելով իրենց տկարության մասին։

ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ՝ խնդրում է, որ իբրև ազգականներ օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով՝ դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։
Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել