Վերջերս տարբեր լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում տարբեր հրապարակումներում հաճախ է քննարկվում Menu.am-ի մոպեդիստների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, վթարների պատճառ հանդիսանալուն, մոպեդների ոչ նպատակային օգտագործման և այլնի մասին:
Menu.am-ի տնօրինությունը չի հերքում, որ որոշ առաքիչներ երբեմն թույլ են տալիս խախտումներ՝ օգտվելով մոպեդների տեխնիկական հաշվառման անհրաժեշտության բացակայությունից: Առաքիչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմամբ երթևեկությունը միշտ եղել է ընկերության օրակարգում:
ՃՈ պետ Ե.Կարապետյանը և Menu.am-ի ղեկավարությունը երեկ հանդիպել և հանգամանալից քննարկում են ունեցել խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզի մասին: Կողմերը համաձայնվել են, որ համատեղ ջանքերով կարճ ժամանակում անհրաժեշտ է կտրուկ բարձրացնել Menu.am-ի առաքիչների կարգապահությունը: Խնդրի լուծման համար ՃՈ պետը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ճանապարհապարեկային ծառայության ուժերով կամ տեսախցիկներով հայտնաբերված խախտումների մասին անհապաղ տեղեկացնել Menu.am ընկերության տնօրինությանը, ով իր հերթին արագ կարձագանքի ու կվերացնի թերությունները:
«Վստահ ենք, որ ՃՈ օգնությամբ կկարողանանք կարճ ժամանակում մեր աշխատանքային այս կնճիռը հարթել: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՃՈ պետին՝ խնդրին կոնստրուկտիվ մոտենալու և իր օժանդակությունն առաջարկելու համար և հույս ունենք, որ սա կդառնա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին ծառայության մատուցման վերաբերյալ թերություններ նկատելու դեպքում զանգահարել 010-57-74-78 hեռախոսահամարով»,- նշեց ընկերության տնօրեն Սևադա Բաղդյանը:



