Картинки по запросу Iran ArmeniaԻրանի նախագահ Հասան Ռոհանին մոտ օրերս կայցելի Հայաստան։ Այս այցը անընդհատ հետաձգվում էր՝ հաշվի առնելով մի քանի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Եվ ըստ էության՝ դա կապված էր աշխարհաքաղաքական մի քանի իրողությունների հետ, որից ամենակարևորը երևի թե ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներ էին։ Ռոհանիի այցի շրջանակներում դեռևս չկան մանրամասնություններ, թե ինչի վերաբերյալ է լինելու բանակցությունները, սակայն սպասվում է, որ կողմերը կստորագրեն փաստաթղթեր։ Իսկ ի՞նչ օրակարգ կարող է ունենալ այդ հանդիպումը։ Բազմիցս է նշվել, որ Իրանը Հայաստանի համար շատ կարևոր երկիր է, ու մասնագիտական-վերլուծական շրջանակները բազմիցս նշել են, որ Հայաստանը Իրանի հետ իր հարաբերությունները հարյուր տոկոս չի իրացնում։ Հայտնի է, որ ամիսներ առաջ Բուլղարիայի Սոֆիա քաղաքում տեղի ունեցա Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռումինիայի, Վրաստանի Կապի և տրանսպորտի ավտոճանապարհաշինության վարչության պետերի համաժողովը, որի ընթացքում քննարկվեցին Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող մայրուղու ճանապարհաշինական աշխատանքների մանրամասները։ Դրանով Հայաստանը, փաստորեն, դառնում էր տարանցիկ մայրուղի այդ երկրների համար, ինչը բարձրացնում էր Հայաստանի դերը միջազգային ասպարեզում։ Բացի այդ, իհարկե, գլխավոր թեման, կարծում ենք, կլինի երկկողմ հարաբերություններում նոր դինամիկա հաղորդելը։ Իրանը արդեն իսկ Հայաստանի միջոցով գազ է մատակարարում Վրաստանին, ինչպես նաև պատրաստ է ավելի էժան գներով գազ վաճառել Հայաստանին, այն դեպքում, երբ Հայաստանը անմիջական հարևանն է Իրանի։ Սակայն այստեղ, ինչպես գիտենք, ռուսական գործոնը բավականին մեծ է, և Հայաստանը արդեն տարիներ շարունակ գազ է ստանում Ռուսաստանից, թեկուզ հենց ներքին սպառման գներով։ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է նաև ԼՂՀ հիմնահարցի կարգավորման տեսանկյունից։ Իրանը, ճիշտ է, չունի անմիջական մասնակցություն ԼՂՀ հարցի կարգավորման շրջանակներում (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ձևաչափում, սակայն մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ նպաստելու խնդրի խաղաղ կարգավորմանը։ Այստեղ երևի թե պետք է կարևորություն տալ Իրան-Ռուսաստան հարաբերություններին, որովհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հիմնական լոզունգը տեղավորվում էր հետևյալ տրամաբանության մեջ՝ «գալիք տարիներին ԱՄՆ-ն նվազեցնելու է իր մասնակցությունը համաշխարհային գործընթացներում»։ Դեռ հայտնի չէ՝ ինչպիսին կլինի ԱՄՆ արդեն ընտրված նախագահի քաղաքականությունը Հարավային Կովկասում, սակայն եթե ԱՄՆ-ն, այսպես ասած, ձեռքերը քաշի նաև այս տարածաշրջանից, ապա Իրան-Ռուսաստան հարաբերությունները կարող են նորովի վերաձևակերպվել։ Ռուսաստանը կստանա բավարար ազատություն տարածաշրջանում իր դիրքերն ապահովելու համար, սակայն այդ առիթը բաց չի թողնի նաև Իրանը։ Այստեղ արդեն Հայաստանը կարող է հայտնվել բավականին մեծ ճնշման տակ, ուստի կառուցողական դիսկուրսը մեր հազվադեպ բարեկամ երկրի հետ պետք է լինի անխուսափելի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել