ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն առաջարկել է ֆրանսիական «Carrefour» ցանցին իր ունեցած տարածքը հիպերմարկետ կառուցելու համար, սակայն այն հարմար չի եղել։ Այդ մասին eMedia.am-է թղթակցին ասաց ինքը՝ Բադեյանը։ Խոսելով պատճառներից՝ նա նշեց, որ շենքը չէր համապատասխանում իր ֆիզիկական բնութագրերով։ «Հայաստանում գոյություն ունեցող շենքերը չեն կարող այդ պահանջներին բավարարել, որովհետև պահանջվում է, որ 1 քառակուսի մետրը դիմանա ոչ պակաս քան 1000 կիլոգրամի», – ասաց նա՝ նշելով, որ Հայաստանի շենքերը պակաս քաշի են դիմանում։ «Կարֆուրն ունի ծանր սարքավորումներ, դրա համար կա՛մ նրանց պետք է առաջին հարկ տալ, ուր միջհարկային ծածկեր չկան, կա՛մ հատուկ շենք սարքել», – կոնկրետացրեց նա։ Պատգամավորը հայտնեց նաև, որ, ըստ շրջանառվող լուրերի, «Carrefour»–ն իր շենքը կառուցում է Ավանում, ընդ որում՝ շինարարությունը վաղուց է սկսվել։



