Այսօր մեկնարկած հերթական ԱԺ քառօրյայի առաջին նիստի ժամանակ բավականին սուր պոլեմիկա է տեղ գտել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու ընդդիմադիր մի շարք պատգամավորների միջև։
Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այս քառօրյայի ընթացքում բոլոր առաջարկություններին, քանի որ համարում է, որ ավելի օրակարգային է արդեն կայացած նախագահական ընտրությունները և հետընտրական գործընթացները քննարկելը, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ԱԺ օրակարգը ոչ թե ԱԺ նախագահն է որոշում, այլ գլխադասային հանձնաժողովը, բայց իր հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանի, որպեսզի այս հարցը ևս քննարկվի այս քառօրյայում։ Նա առաջարկել է նմանատիպ թեմաները քննարկելու համար ամեն խմբակցությունից պատգամավորներ ներկայացնել, հավաքվել ու քննարկել։ Նա նշել է, որ ԱԺ–ն այն ամբիոնն է, որտեղ պետք է նման հարցեր քննարկվեն։
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը սկսել է հանդիմանել ընդդիմադիրներին, որ վերջիններս, պահանջելով, որպեսզի հարգեն 37 տոկոսի ձայնը, իրենք չեն հարգում 58 տոկոսինը, ինչին ի պատասխան Նիկոլը հակադարձել է, որ ողջ խնդիրն էլ նրանում է, որ ի տարբերություն 37 տոկոսի՝ ոչ ոք դեռ չի տեսել այն 58 տոկոսին, որ քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին։
Ժառանգական պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ հանդես է եկել առաջարկով՝ հրավիրել նիստ, որն ամբողջապես նվիրված կլինի հետընտրական զարգացումների թեմային։ Ի դեպ, այս թեմայով քննարկումներին մասնակցելու իր պատրաստակամությունն է հայտնել նաև ՀՅԴ խմբակցությունը։
Կից նյութն`այստեղ