Newsline.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը նշել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումներն արտաքին քաղաքականության ոլորտում բավականին նման են: Թրամփը նախագահ ընտրվելուց հետո ասել է, որ իր համար կարևորը Ամերիկան են և ամերիկյան շահերը, սակայն ինքը՝ իր թիմով պատրաստ է հարաբերություններ զարգացնել ցանկացած երկրի հետ, այնքան որքան այս կամ այն պետությունը ցանկանա: Պեսկովի խոսքերով գրեթե նույնը ասել է նաև Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբում, բայց ԱՄՆ-ի փոխարեն բնականաբար նշել է Ռուսաստանի շահերը:
«Սա որոշ զգուշավոր լավատեսություն է ներշնչում գոնե այն տեսանկյունից, որ հնարավոր է սկսվի երկխոսություն երկու պետությունների միջև։ Իհարկե, Մոսկվայում հասկանում են, որ միանգամից վերականգնել հարաբերությունները և հասցնել դրանք բարձր մակարդակի դժվար թե հաջողվի։ Մենք հասկանում ենք, որ շատ բարդ է լինելու», - ասել է Պեսկովը։
Իսկ Պուտին-Թրամփ հանդիպման մասին, Կրեմլի խոսնակը նշել է, որ դա հնարավոր կլինի միայն Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։
Reuters լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Եվրամիությունը պատրաստվում է դեկտեմբերին երկարաձգել տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։
«Պատժամիջոցների երկարաձգումն անխուսափելի է, Ուկրաինայում չեն նշմարվում դրական փոփոխություններ և, դրանից ելնելով, երկարաձգումից խուսափելու պատճառներ չկան», - ասել է գործակալության դիվանագիտական աղբյուրը՝ հավելելով, - «Թրամփի երդման արարողությունից հետո ամեն ինչ կարող է փոխվել, ամեն ինչ կարող է բարդանալ»։
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները հայտարարել էր, որ ԱՄՆ գործող ղեկավարությունը մտադիր չէ չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Թրամփի ընտրվելու կապակցությամբ։
Ռուսաստանցի վերլուծաբանները, սակայն, լիահույս են, որ Թրամփի հաղթանակի արդյունքում ռուս-ամերիկյան փոխհարաբերությունները կվերականգնվեն։ Նման տեղաշարժ ռուս-ամերիկյան փոխհարաբերություններում իրագործվել է 2008 թվականին, երբ Միացյալ Նահանգներում ընտրվել էր Բարաք Օբաման, իսկ Ռուսաստանում՝ Դմիտրի Մեդվեդևը։ Այն ժամանակ սկսվել էր ռուս-ամերիկյան «վերալիցքաթափումը», որը, ավաղ, ավարտվեց Պուտինի վերստին վերադառնալուց հետո։