Մարդիկ մեծամասամբ տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել: Շատ դեպքերում ակնհայտ խաբկանքը մեր աչքում իսկական հրաշք է դառնում: Երբ անտեղյակ նստած ես դահլիճում, իսկ բեմում գլխարկից անհասկանալի կերպով նապաստակ է դուրս գալիս, կամ կնոջը բաժանում են մասերի, երբեք չես էլ կասկածի, որ այդ ամենն ուղղակի խաբկանք է և մասնագիտական հմտության ցուցադրություն:

Աճպարարներ, ովքե՞ր են նրանք:
Առաջին աճպարարի մասին հիշատակություններ հանդիպել են Հին եգիպտական մագաղաթներում, որոնցում նշված է Քուֆու փարավոնի աճպարարի մասին: Ըստ այդ վկայությունների` նա կոկորդիլոսի մոմե արձանն աննկատելիորեն վերածում էր իսկական կոկորդիլոսի: Սակայն շատ դեպքերում նույնիսկ ամենահմուտ աճպարարը կոպիտ սխալներ է թույլ տալիս: Ի՞նչն է պատճառը. գուցե անուշադրությո՞ւնը, գուցե հանդիսատե՞սն է խանգարում...
Մի քանի տասնամյակ առաջ Մոնրեալում աճպարար Սեդրիկ Բարնսը հիպնոսացնելով կարողացել էր 750.000 դոլարով վաճառել սովորական թղթի կտոր: Ապահովված հանդիսատեսն այնպես էր շշմել հիպնոսից, որ մինչև նույնիսկ հաջորդ երեկո դեռ համոզված էր, որ իրեն վաճառված սպիտակ թուղթը Էմիլ Զոլայի «Ժերմինալ» վեպի բնօրինակն է: Երբ խաբված հանդիսատեսն ուշքի եկավ և հասկացավ, որ ահռելի գումարը վճարել է թղթի կտորի համար, անմիջապես շտապեց ոստիկանություն: Երբ ձերբակալեցին Սեդրիկ Բարնսին, նա փորձեց կատակի տալ կատարվածը` համոզելով իրավապահներին, որ ամեն դեպքում պատրաստվում էր գումարը մի քանի օրից վերադարձնել տիրոջը: Չնայած դրան` աճպարարը 750.000-ից 350.000-ն արդեն ծախսել էր պարտքերի մարման վրա, փոքրիկ ամառանոց և փայտամշակող գործարանի ակցիաներ էր գնել:

Բացի օրինապահներից, աճպարարի կարիերային կարող է վերջ դնել նաև հանդիսատեսը, ինչպես պատահեց ամերիկացի աճպարար Ուիլյամ Ռոբինսոնի (1861-1918թթ.) դեպքում: Ներկայացումներից մեկի ժամանակ, երբ Ռոբինսոնը ցուցադրել է բերանով փամփուշտներ բռնելու համարը, հանդիսատեսներից մեկը, ոգևորվելով դրանից, իսկական ատրճանակով կրակեց Ռոբինսոնի ուղղությամբ` համոզված, որ կկարողանա բռնել նաև սովորական փամփուշտները: Ցավոք, աճպարարին չհաջողվեց բերանով «որսալ» փամփուշտը. նա մահացավ տեղում, իսկ խաբված հանդիսատեսը պահանջեց ետ վերադարձնել տոմսերի գումարը:
Բերանով կրակի բոցեր արձակող հնդիկ աճպարար Ֆերհատ Իզմիրը մի օր շատ զավեշտալի իրավիճակում հայտնվեց. հայտնի աճպարարը, ում համար կրակ կուլ տալը սովորական բան էր, ընկավ, ոչ ավել ոչ պակաս, հիվանդանոցի այվածքների բաժանմունք: Բերանի խոռոչի այրվածքների պատճառը Իզմիրի կնոջ մատուցած տաք ապուրն էր. աճպարար-կրակակերը հենց ապուրով էր այրել բերանը:

Աճպարար Գեորգ Նաթելը, ով առավել հայտնի էր Նաթ Պինկերսոն մականվամբ, ճանաչված էր մատը մեխով ծակելով համարով: Ներկայացումների ժամանակ Նաթը հանդիսատեսին ցուցադրում էր իսկական մեխ, որպեսզի վերջիններս համոզվեին դրա իսկական լինելու մեջ, այնուհետև աննկատելիորեն այն փոխարինում էր արհեստականով, որով էլ իբր ծակում էր մատը: Մի անգամ, երբ Փարիզում աճպարարը ցուցադրում էր իր այդ համարը, հանդիսատեսը նրան այնքան նեղ շրջանի մեջ առավ, որ աճպարարի համար անհնար դարձավ համարը ցուցադրելը: Հանդիսատեսը, սակայն, պահանջում էր հենց այդ համարը, և նեղն ընկած Նաթը ստիպված եղավ սեփական մատը իսկական մեխով ծակել: Ցավից այլայլված դեմքը նա հմտորեն թաքցրեց: Համարը փրկված էր, աճպարարի համբավը` ևս, սակայն նա այլևս երբեք չկրկնեց այն :)
Այնպես որ, պետք չէ կուրորեն հավատալ այն ամենին, ինչ տեսնում ես. միշտ հիշիր, որ թեկուզ ամենահմուտ աճպարարության հետևում թաքնված է չափազանց հաջող մշակված գործողությունների պատրանք:



