Image result for աղքատությունՀայրենի կառավարողները պարբերաբար ավելացնում են ժողովրդի սոցիալական բեռը՝ թանկացումների ու հարկուտուրքերի, վարձավճարների բարձրացման տեսքով, քանի որ համոզված են, որ սոցիալական բունտի գնացող հասարակություն չունենք։ Ընդդեմ հոսանքի թանկացման՝ 1 տարի առաջվա ցույցի կազմակերպիչները լավագույնս մեկուսացված են կամ նախազգուշացված, նախկին տարիներին սոցիալական շարժումներ, հանրահավաքներ կառավարող ձախակողմյան ուժերն էլ լավագույնս չեզոքացված են (ոմանք լավ տեղավորվել են իշխանական կառույցներում), սոցիալական թեմայով բողոքի ցույցերն էլ հիմնականում տարերային բնույթ են կրում՝ մեկ առանձին հիմնարկի կամ համայնքի աշխատավորների աշխատավարձերի պահանջով, և քանի որ աշխատող խոշոր գործարաններ էլ չկան, ուստի չկան նաև արհմիություններ ու արհմիութենական հզոր շարժում, որ ի զորու լինեն կառավարությանն ստիպել զիջումների գնալ (այնպես, ինչպես արտասահմանում է արվում արհմիությունների կողմից)։ Մնացած դեպքերում ցույցերն իրավաքաղաքական հարթության վրա են, առավելապես իրավական, քանի որ, ինչն է շատ, մարդու իրավունքների համատարած խախտումը։ Իսկ ֆեյսբուքյան ակտիվությունը՝ թեկուզ մի քանի հազար օգտատերերով (որոնց գերակշիռ մասն էլ կարող է կեղծ օգտատեր լինել), առանձնապես չի մտահոգում կառավարողներին․ իշխանական պրոֆիլների ծաղրանկարներից կամ իշխանության «թիրախային» խմբերին կամ անհատներին կուշտուկուռ հայհոյելուց ու պախարակելուց ի՞նչ վնաս։ Իսկ հասարակական իմիջի վրա վաղուց թքած ունեն, քանի որ ընտրություններին ձայների ապահովումը հիմնվում է սոցիալապես ամենախոցելի ու հանուն մի կտոր հացի ինչի ասես պատրաստ խավի վրա, որի տվյալների բազային քաջ տեղեկացված են յուրաքանչյուր համայնքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել